Բոլոր առկա հիմնախնդիրներով հանդերձ, մենք առաջ ենք գնում. Սերժ Սարգսյան
Սերժ Սարգսյանը Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձի առթիվ այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հրավիրել է ընդունելություն, որին մասնակցել են հանրապետության սոցիալական և տնտեսական ոլորտի, ՀՀ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ: Հանրապետության ղեկավարը շնորհավորել է տոնական ընդունելության մասնակիցներին հոբելյանի առթիվ և մաղթել հաջողություններ: Այդ մասին ասված է ՀՀ նախագահի մամլո ծառայության տարածած հաղորդագրությունում:
«Հայտնի է, որ մենք սահմանադրորեն հռչակել ենք սոցիալական պետություն: Նաև գաղտնիք չէ, որ այդ սոցիալական պետությունը դեռևս մնում է նպատակ և չի դարձել անքննելի իրականություն: Այս ոլորտում և՛ պետությունը, և՛ այլ կազմակերպություններ հսկայական գործ են արել և անում: Բայց «հսկայական» բառը մեր պարագայում պետք է հասկանալ մեր հնարավորությունների համատեքստում: Մենք պիտի խոստովանենք, որ երկու տասնամյակները մեզ չբավարարեցին այս բնագավառի բազմաթիվ խնդիրներ լուծելու համար: Բայց սա ամենևին էլ վհատվելու առիթ չէ»,-ասել է Սերժ Սարգսյանը:
Նա նաև ասել է. որ բոլոր առկա հիմնախնդիրներով հանդերձ, մենք առաջ ենք գնում:
«Մեր պետության ու հասարակության առաջընթացը համակողմանի է: Այո, երբեմն մենք տեսնում ենք անհամապատասխանություն տարբեր ոլորտների զարգացման մակարդակների միջև: Մենք ընտրել ենք կայուն վերելքի ճանապարհը, և բոլոր ուղղություններով տարվող ակտիվ աշխատանքով է, որ մեր երկիրը դնելու ենք ներդաշնակ զարգացման անշրջելի ուղու վրա»,-հավելել է նա:
Եզրափակելով իր ելույթը, Սերժս Սարգսյանն ասել է. «Մենք, որպես պետություն և որպես հասարակություն արդեն կայացել ենք այնքան, որ կարող ենք մեզ թույլ տալ ավելի մեծ ու ավելի կայուն համակարգերի ամրապնդման մասին խոսել: Խոսել ու քայլ առ քայլ իրողություն դարձնել: Համենայն դեպս անցած քսան տարիների ձեռքբերումները մեզ այդ հնարավորությունն այսօր իրապես տալիս են»:










