Ֆրանսիացի անիմատորը շրջում է Երևանի փողոցներում ու իր ֆիլմի համար էսքիզներ անում

22:15 • 16.09.11

Ռեանիմանիա փառատոնի շրջանակում Հայաստան ժամանած ֆրանսիացի անիմատոր Բաստիեն Դյուբուեն Հայաստանի մասին անիամցիոն ֆիլմ կնկարի:

«Ես դեռ երեք օր էլ չկա, որ Հայաստանում եմ, բայց արդեն հասցրել եմ սիրել Երևանը: Իմ ամենասիրած զբաղմունքը այս օրերին ուղղակի փողոցներում քայլելն ու ֆիլմիս համար էսքիզներ անելն է: Ամենից շատ հավանել եմ Կասկադը և հատկապես Կոնդը` իր նեղլիկ փողոցներով»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ֆրանսիացի անիմատորը:

Ռեանիմանիայից հետո անիմատորը նախատեսում է մի քանի օր էլ մնալ Հայաստանում ու քայլել նաև մարզերի փողոցներով:

«Նախատեսում եմ Հայաստանի մասին ֆիլմը կատակերգական ժանրում նկարահանել: Փողոցներով քայլելիս շատ ծիծաղաշարժ դեպքերի եմ հանդիպում: Վստահ եմ` մինչև գնալս այնպիսի էպիզոդ կգտնեմ, որը հիմք կդառնա ֆիլմիս սյուժեի համար», - նշեց Դյուբուեն:

Ի դեպ, Բաստիեն Դյուբուեի «Մադագասկար» ֆիլմը, որ 2009թ. Ռեանիմանիայի հատուկ մրցանակ էր շահել, այս տարի ներկայացվել է «Օսկար» մրցանակաբաշխության: Հայ կինոսերները հնարավորություն կունենան այն ևս մեկ անգամ դիտելու The Club-ում, սեպտեմբերի 18-ին: