Երևանում կցուցադրվի Բիլլի Քոուի՝ 3D ձևաչափով ներկայացումը

15:28 • 16.09.11

Հոկտեբերի 1-8-ը Երևանում կանցկացվի «Հայ ֆեստ-2011» միջազգային փառատոնը: Փառատոնին այս տարի կմասնակցի 30 թատերախումբ 18 երկրից: Հայաստան կժամանեն Իրանի, Իտալիայի, Մեծ Բրիտանիայի, Հնդկաստանի և այլ երկրների առաջատար թատերախմբեր, իսկ Հայաստանից փառատոնին մասնակցելու համար հազիվ ընտրվել է 4-5 փառատոնային ներկայացում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց փառատոնի տնօրեն Արթուր Ղուկասյանը։

«Ինչի որ Հայաստանում ամբողջ տարվա ընթացքում 4 փառատոնային ներկայացում է բեմադրվել, փառատոն պիտի չանեի՞նք։ Շատ հայաստանյան թատրոններ ուղղակի մեզ չեն դիմել, ու ճիշտ էլ արել են: Օրինակ՝ Համազգայինը ընդամենը հինգ-վեց խաղացանկային ներկայացում ունի, որոնք ոչ մեկը չեն համապատասխանում մեր փառատոնին, ի՞նչ ներկայացներ։ Թատրոններ էլ կային, որ ներկայացումների համար հայտ էին ներկայացրել, մենք չընդունեցինք: Մեր փառատոնի նպատակը Հայաստանում միջազգային թատրոնի զարգացման նոր միտումները ներկայացնելն է, իսկ այն մի քանի հայկական ներկայացումները, որ ընտրեցինք, ավելի շատ մեր հյուրերի համար է»,- ասաց Ղուկասյանը:

Փառատոնի տնօրենի խոսքով՝ իններորդ «Հայ ֆեստի» նորությունը Բիլլի Քոուի՝ 3D ձևաչափով «Մենության տանգո» ներկայացումն է, որ այս տարի ընդգրկված է եղել Էդինբուրգի փառատոնի ծրագրում: Ութ րոպեանոց ներկայացումը օրվա ընթացքում մի քանի անգամ կցուցադրվի Տիկնիկային թատրոնում: Երևանյան 10 բեմահարթակներից թատերասերները հնարավորություն կունենան դիտելու նաև իրերի թատրոն, դրամատիկական, տիկնիկային և մանկական ներկայացումներ:

Փառատոնի շրջանակում նախատեսվում են նաև վարպետության դասընթացներ, որոնք կվարեն արտերկրից ժամանած հյուրերը: