Հայ երաժշտի ուժը մեր հազարամյա երաժշտությունն է, որը դեռ հսկայական ծաղկում է ապրելու. Տիգրան Մանսուրյան
«Արվեստ յուրացնելը, արվեստ սիրելը ևս ստեղծագործական պրոցես է. դու պիտի ունենաս արվեստի այս տեսակի՝ սրա միջոցների, ավանդույթների, սերունդների մասին քո հստակ գիտելիքները, ինչքան շատ իմանաս, այնքան շատ ինքը քեզ կբերի հաճույքներ, ինչքան քիչ իմանաս, այնքան մակերեսով կանցնես, կարող է նաև չհավանես»,- «Թեմա» հաղորդմանը հյուընկալվելով՝ նշեց սիրված կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը։
«Երիտասարդ մարդը առողջ հոգեբանություն ունի, և նա պահանջ ունի իր ապագան կերտելու և դա իրեն ստիպում է աչալուրջ լինել իր ապագան կերտելիս»,- ասաց նա։ Կոմպոզիտորը նշեց, որ դասական երաժշտության պարագայում երաժիշտն ամենուր է երաժիշտ՝ ամբողջ աշխարհում, և կայանալու ճանապարհին երիտասարդի առջև կա երկու հիմնական ուղի։ «Կամ պետք է լինես մեկը, ով վերցնում է Արևմուտքի կայացած մեկի դիմակը, դրա տեխնիկական զինանոցի մեջ դնում է համուհոտ ազգային նկարագրի (սրա օրինակներն ունեցանք՝ անուններ չեմ տա), և կամ՝ պիտի մեր ունեցած ամբողջ պաշարն այնպիսի ուղղությամբ շարժես, որ իր միջից ծնի այդ ամբողջ զինանոցը, որն Արևմուտքը արդեն կայացրել է»,- ասաց նա։
Ըստ կոմպոզիտորի՝ իրականում ստեղծագործողի ամբողջ տեխնիկական զինանոցն իր ներսից է ծնվում և ոչ թե՝ ուրիշի տեխնիկական զինանոցը յուրացնելով։ «Իսկ մեր ուժը՝ հայ երաժշտի ուժը մեր հազարամյա երաժշտությունն է, որը դեռ հսկայական ծաղկում է ապրելու՝ իմ խորին համոզամամբ։ Ընդ որում, ապրելու է ծաղկում ոչ թե մեր տեղական, այլ միջազգային ամենաակտուալ պրոցեսների մեջ»,- ասաց նա՝ նշելով, որ գիտակցելով սա՝ մենք կարող ենք կենտրոնական դերակատար լինել այդ գործընթացում։
Մանսուրյանը նշեց, որ գլոբալիզացիան, ամեն դեպքում, պահանջում է որոշ զիջումներ անել. «Եթե դու շատ ես սիրում քյամանչան, որը քառորդ տոների հրաշալի երանգապնակ ունի, դու մի քիչ պիտի հրաժարվես դրանից ու դիմես ջութակին, որը կես տոների համակարգով է մտածում։ Բայց հենց միայն գործիքը փոխելով, դու մշակութային մի ամբողջ իրականություն փոխում ես։ Այս տեսակի զոհողություններին դու պետք է ուշադիր լինես, նվազագույնը զոհես, և Կոմիտասի հիմքի վրա, եթե դու ամբողջությամբ էդ զորավոր ուժի գիտակցությունը ունես, դու նվազագույն կորստի ճանապարհով չափազանց մեծ հարստություն ներս կբերես դեպի քո ազգային մտածողությունը»։
Ըստ Մանուրյանի Եվրոպան մեծ ոգևորությամբ է ընդունում նշված չափորոշիչներով ստեղծագործություններն ու մշակումները։ «Կոմիտասի բազմաձայնությունը, դաշնամուրային մանրանվագները, երբ նա նմանակում է ժողովրդական այս կամ այն գործիքը… երբ եվրոպացին նվագում է, նա հարստացնում է իր մշակույթը։ Այստեղ դու տեսնում ես, որ դու կարող ես կատարյալ ինքնուրույն լինել. դաշնամուրային արվեստի մեջ կարիքը չունես Ռախմանինովի ձեռնոցը հագնելու։ Ուրեմն այդ տեսակի դաշնամուրը պիտի զարգացնենք»,- նշեց կոմպոզիտորը։
Անդրադառնալով մտավորականների՝ այսօր առավել ստվերված դերին՝ Մանսուրյանն ասաց. «Մենք գիրք ենք կարդում, նրանք [իշխանավորները] գործ են անում, մենք էլի գիրք կկարդանք, մի օր կգա գիրք կարդացողների ժամանակը… երևի։ Դու կարծում ես՝ գիրք կարդալո՞վ են գալիս իշխանության, չէ, ախորժակով են գալիս, փառամոլությամբ, արմունկներով։ Ես այն կարծիքին չեմ, որ արվեստագետի կոչումը մարդ դաստիարակելն է, ես այդ միամտությունը չունեմ. դու միայն կարող ես նպաստել դրան»։
Ստեղծագործելը Տիգրան Մանսուրյանի համար ներքին պահանջ է, հաճույք. «Իմ աշխատելը, իմ երաժշտություն գրելու պահանջը, եթե ես հասկանայի, թե ինչի եմ գրում, ու թե ինչի այսքան ուզում եմ գրեմ, եթե ես հասկանայի, թե ինչու եմ անում, երևի ուրիշ մարդ կլինեի։ Ես գիտեմ, որ մի ներքին ուժ կա, որ ինձ ստիպում է զբաղվել բաներով, որով զբաղվել են Կոմիտասը, Ներսես Շնորհալին, Բեթհովենը»։
Հայաստանի անկախության 20-ամյակին անդրադառնալով՝ կոմպոզիտորն ասաց. «Անկախությունը յուրաքանչյուրիս ամենօրյա մասնակցությունն է այս երևույթի գոյացմանը։ Այն մեծ դաշտ դուրս գալու հանդգնությունն է, մեծ արժանապատվության զգացումով ապրելն է, ինքն իրենից ազնվության, առաքինության առավելագույնը պահանջելն է, ավանդույթները հարգելն է, ամենօրյա գործընթաց է»։
Հազարամյակով պետականություն չունենալուց հետո մեր ձեռք բերած անկախությունը կոմպոզիտորը համեմատեց հազարամյակներով՝ որպես տարերք գոյություն ունեցած երաժշտական ֆոլկլորից հետո այն մշակված ձևով գրառելուն և երաժշտական չափորոշիչների մեջ առնելուն։ Ըստ նրա՝ ինչպես չգրառված ֆոլկլորն է անհամեմատ ընդգրկուն, քան նոր գրառվել սկսող նրա մի մասը, այնպես էլ անպետական համակարգից հետո պետական գործիքներով հասարակական ընդգրկուն հարաբերությունները կարգավորելն է թվում անիրական, մինչդեռ դրան պետք է վարժվել։ Ըստ կոմպոզիտորի՝ «Այս համակարգին պետք է սովորել. սա հարստություն է, որ պետք է նվաճել օրեօր, իսկ պետական անկախությունը դեռ սկիզբն է միայն»։










