Շուշան Պետրոսյան. Պետք է դադարել լսել այնպիսի ժանրի երգեր, ինչպիսին ռաբիսն է

12:53 • 17.09.11

Սեպտեմբերի 16–ին Մոսկվայում ՀՀ անկախության 20–ամյա տարեդարձին նվիրված միջոցառում է տեղի է ունեցել։

Ինչպես հաղորդում է Ռուսաստանում հրատարակվող «Երկրամաս» պարբերականը, միջոցառմանը հրավիրված հայաստանյան շոու բիզնեսի ներկայացուցիչների շարքում է եղել նաև երգչուհի Շուշան Պետրոսյանը, որը համերգից հետո փոքր հարցազրույց է տվել պարբերականին։

Այն հարցին, թե ինչ պետք է անել, որպեսզի այժմյան երիտասարդությունն ավելի շատ լսի հայրենասիրական երգեր, երգչուհին պատասխանել է, որ պետք է պարզապես դադարել լսել ռաբիս ժանրի երգեր։ «90–ական թթ. մենք այդ ժանրի արժանի կատարողներ ունեինք, իսկ այժմ իսկական աղետ է՝ գնալով շատանում են թուրքական մոտիվները, անիմաստ տեքստերը, իսկ մեր երիտասարդությունը լսում է այդ ամենը։ Չպետք է հեռանալ հայկական երգերից, մենք մեծ երաժշտական պատմություն ունենք, որին կնախանձեր ցանկացած երկիր։ Հենց նույն Սայաթ– Նովայի երգերը՝ դրանք բոլոր ժամանակների երգեր են»,–ասել է Շուշան Պետրոսյանը։