Նարեկ Հախնազարյանը ոսկե մեդալ նվաճեց շատ ազնիվ, բարձրակարգ պայքարում. Վալերի Գերգիև
«Երևանյան հեռանկարներ»12-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում՝ Հայաստանի Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնում երեկ հանդես եկավ ռուսական Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը` մաեստրո Վալերի Գերգիևի ղեկավարությամբ:
Համերգից առաջ հրավիրված ճեպազրույցի ժամանակ աշխարհահռչակ դիրիժոր Գերգիևն անդրադարձել է Չայկովսկու անվան 14-րդ միջազգային մրցույթում թավջութակահար Նարեկ Հախնազարյանի հաղթանակին, որը ևս հրավիրված էր երևանյան համերգին։ «Ես կարող եմ Ձեզ բոլորիդ շնորհավորել Չայկովսկու անվան մրցույթում հաղթանակի կապակցությամբ։ Նարեկը շատ ազնիվ, վառ, բարձրակարգ պայքարում նվաճեց այդ ոսկե մեդալը։ Ես կարծում եմ, որ դա փայլուն ձեռքբերում է»,– ասել է Գերգիևը։
«Նարեկին այս համերգին հրավիրելու գաղափարը, բանականաբար, իմն է եղել։ Կարծում եմ, որ առավել տեղին բան ես չէի կարող անել»,–հավելել է դիրիժորը։










