Երգչի գործը էլ ո՞րն ա, որ համերգներին էլ չերգի. Արտավազդ Բայաթյան

02:28 • 20.09.11

2009թ-ին ուժի մեջ է մտել օրենք, ըստ որի՝ համերգասրահներում տեղի ունեցող համերգներին նախատեսվող կատարումների մասին տեղեկատվության մեջ պետք է ներառվի՝ դրանք լինելու են ձայնագրությո՞ւն, թե՞ կենդանի կատարումներ։ Օրինագծի հեղինակ պատգամավոր Լիլիթ Գալստյանը «Հատուկ ռեպորտաժի» հետ զրույցում նշել է. «Մի քանի անգամ ներկա եմ եղել համերգների, երբ կատարումները եղել են ոչ կենդանի»։ 

«Երգչի գործը էլ ո՞րն ա, որ համերգներին էլ չերգի,- նշել է «Արձագանք» խմբի մեներգիչ Արտավազդ Բայաթյանը,- ստադիոնում, եթե մեծ էկրան չլինի, չես էլ տեսնի՝ երգիչը երգում է, թե չէ։ Մեծ միջոցառումներում, երբ պարեր են, իրարանցում, ոչ թե երգն է էական, այլ այդ մնացած բաները՝ այստեղից գան, այնտեղից թռնեն, սա ներկայացման նման բան է: Երբեմն նման բան օգտագործում եմ, միայն նման իրադրություններում։ Երգչի համար համերգին կենդանի երգելը նաև սկզբունքի հարց է»։

Երգչուհի Արփինե Բեկջանյանի կարծիքով հիմա մուտքը շոու-բիզնես դարձել է բավական հասանելի։ «Ինչ ուզես՝ կերգես, ինչ ուզես՝ եթերում կխոսես, կուզես՝ հայհոյանքն էլ կմտնի եթեր»,- ասել է նա՝ նշելով, որ ինքը հիմա երգում է ժամանցի կենտրոններում և երգում է կենդանի, քանի որ կարծում է, որ եթե մարդը վճարում է իր երգը լսելու համար, պետք չէ խաբել նրան՝ միացնելով ձայնագրություն։

«Ֆանագրամայից ստիպված պետք է օգտվել, երբ տեխնիկական հնարավորություններ չկան բացօթյա համերգ տալու համար։ Բայց դրա մասին հանդիսատեսը պետք է տեղեկացված լինի»,- նշել է երգիչ Հովհաննես Բաբախանյանը։

Պատգամավոր Լիլիթ Գալստյանը հաղորդել է նաև, որ առանց նախնական ծանուցման ոչ կենդանի երգելու համար՝ «խախտումը հայտնաբերելու դեպքում նախատեսվում է վարչական տույժ նվազագույն աշխատավարձի 200-ապատիկի չափով», սակայն ոլորտը հիմնականում մնում է չկարգավորված։ Ըստ պատգամավորի՝ այս իրադրության հիմնական պատճառն է գովազդը վերահսկող մարմնի բացակայությունը։