Հեռացել ենք մաքուր հայկական երաժշտությունից, բայց դեռ ամեն ինչ կորած չէ. Արաքս Մանսուրյան
«Ամեն անգամ վերադառնալով Հայաստան ավելի գեղեցիկ եմ գտնում այն: Մեր երիտասարդներն են շատ գեղեցիկ»,- ամփոփելով անկախ Հայաստանի ձեռքբերումներն ու բացթողումները` Tert.am-ին ասաց աշխարհահռչակ օպերային երգչուհի Արաքս Մանսուրյանը:
«Արտաքնապես ամեն ինչ գեղեցիկ եմ տեսնում, մնացածը չգիտեմ: Հայաստանի անկախության 20 տարիների ընթացքում շատ ձեռքբերումներ ենք ունեցել, ավելի գեղեցիկ է դարձել մեր քաղաքը: Ավելի վստահ է իր ոտքերի վրա կանգնած հայրենիքս, բայց բացթողումներն էլ են շատ եղել: Մաքուր հայկական երաժշտությունից ենք հեռացել, դասականի հանդեպ սերն ենք կորցրել: Չնայած այնքան հրաշալի երիտասարդներ ունենք, որոնց, եթե մի քիչ որակյալ երաժտություն մատուցենք, ամեն ինչ տեղը կընկնի: Ինձ այս առումով այս տարի անակնկալ էր սպասվում: Երբ իմացա, որ անկախության քսանամյակը դասական երաժշտության ուղեկցությամբ է նշվելու, շատ ուրախացա, շատ ոգևորվեցի. նշանակում է` դեռ ամեն ինչ կորած չէ: Ամեն ինչ կամաց-կամաց փոխվում է:Սա ես նոր էտապի սկիզբ եմ համարում, որից հետո դեպի դրական փոփոխությունները զգալի կլինեն»,- ասաց նա:










