Գրողի բուժման համար անհրաժեշտ գումարն ամբողջացրել է Սերժ Սարգսյանը
Գրող, հրապարակախոս Հովհաննես Գրիգորյանի բուժման համար անհրաժեշտ 50 հազար դոլար գումարը հավաքվել է։ Այս մասին այսօր լրագրողներին հայտնեցին դրամահավաքի կազմակերպիչները։
Հիշեցնենք, որ դեռ մեկ ամիս առաջ, երբ տարածվեց Հովհաննես Գրիգորյանի ծանր հիվանդության մասին լուրը, երիտասարդ գրողների նախաձեռնությամբ սկսվեց դրամահավաք։ Կազմակերպիչների խոսքով՝ ուրախալի փաստ արձանագրվեց. դրամահավաքին միացան բոլորը, անգամ ուսանողներն ու աշակերտները, թոշակառուները։ «Երեկ անգամ մի կույր մարդ եկավ, հազիվ բազրիքները շոշափելով բարձրացավ ու նվիրաբերում արեց։ Ես չէի կարծում, որ այս ոչ մշակութային ժամանակներում դեպի մշակույթը այսպիսի ուշադրություն կլինի։ Ես կարծում եմ՝ սա դեպի մշակույթը վերադարձի ռեալ ճանապարհ է»,- ասաց Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանը։
Գրող Գուրգեն Խանջյանը նույնպես այս ուրախալի փաստը համարում է յուրահատուկ թեստ, որն ապացուցում է, որ հայ ժողովուրդը այնքան էլ չի հեռացել իր արմատներից, և սերը արվեստի հանդեպ շարունակում է գեներով փոխանցվել։ Նա նշեց նաև, որ իր թերթի թղթակիցներն անգամ իրենց հոնորարները փոխանցել են գրողի բուժման համար։
«Որպեսզի սա չլինի զուտ դրամահավաք, մենք որոշեցինք նաև բարեգործական միջոցառումներ կազմակերպել,- ասաց երիտասարդ գրող Հասմիկ Խաչիկյանը։- Հովհաննես Գրիգորյանն այնքան շատ բան է արել մեր սերնդի համար, որ մենք ուղղակի իրավունք չունեինք անտարբեր լինել»։
Հովհաննես Գրիգորյանի բուժման համար կազմակերպված դրամահավաքին մասնակցել է նաև ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, վարչապետ Տիգրան Սարգսյանը, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը։ Երեկ 10 հազար դոլար է նվիրաբերել նախագահ Սերժ Սարգսյանը՝ այդպիսով ամբողջացնելով անհրաժեշտ 50 հազար դոլարը։
Երիտասարդ գրողների նախաձեռնությամբ կազմակերպվել է 3 բարեգործական միջոցառում։ Երեկ Հյուսիսային պողոտայում անցկացվել է Գրիգորյանի գրքերի ցուցահանդես-վաճառք, այսօր, ժամը 19։00-ին Համազգային թատրոնում և Արամ Խաչատրյան համերգասրահում զուգահեռաբար կանցկացվեն 2 բարեգործական միջոցառումներ. Համազգայինում կբեմադրվի «Սեր և սկլերոզ» ներկայացումը, Արամ Խաչատրյանում ելույթ կունենան հեղինակային կատարողներ, այդ թվում՝ Ռուբեն Հախվերդյանը, Դավիթ Ամալյանը, Էդվարդ Զորիկյանը, կհնչեն գրողի բանաստեղծություններից։
Գրողի բուժումը կիրականացվի Գերմանիայում։ Հայաստանյան դրամահավաքն ամփոփվել է։ Հիվանդության լիարժեք հաղթահարման համար անհրաժեշտ ծախսերը հոգալու համար Սփյուռքում դրամահավաքը շարունակվում է։










