Տիգրան Համասյանը ԱՄՆ–ում կմասնակցի հեղինակավոր Angel City Jazz Festival–ին

16:23 • 23.09.11

Հայազգի 25–ամյա աշխարհահռչակ ջազային դաշնակահար Տիգրան Համասյանը և նրա կվինտետը Լոս Անջելես են  մեկնում՝ հեղիանակավոր Angel City Jazz Festival–ին մասնակցելու համար։ Ինչպես հաղորդում է Asbarez.com կայքը, ջազային այդ փառատոնը մեկնարկել է սեպտեմբերի 22–ին և կշարունակվի մինչև հոկտեմբերի 2–ը։ Փառատոնի շրջանակում, որին 8 երկրից երաժիշտներ են մասնակցում, Լոս Անջելեսի 6 շրջաններում 7 համերգ է տեղի ունենալու։

Բազմաթիվ հեղիանակավոր մրցույթների դափնեկիր Տիգրան Համասյանը ծնվել է 1987թ. Գյումրիում։ 2003 թ. Տիգրանը Փարիզի ջազային դաշնակահարների միջազգային մրցույթում երկրորդ տեղն է զբաղեցրել, իսկ Jazz a Juan Revelations-2003–ում՝ առաջին մրցանակին արժանացել, առաջին մրցանակին է արժանացել նաև Montreux Jazz Solo Piano Competition-2003 մրցույթում։ 2005թ. Մոսկվայի դաշնակահարների ջազային միջազգային մրցույթում արժանացել է երրորդ մրցանակի, իսկ Մոնակոյի ջազային դաշնակահարների մրցույթում՝ առաջին մրցանակի։

ԱՄՆ–ում նրան ամենամեծ հաղթանակն էր սպասում. 2006թ. դաշնակահարների հեղինակավոր Թելոնիուս Մոնքի (Thelonious Monk) անվան մրցույթում նա առաջին մրցանակին արժանացավ

Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակի կապակցությամբ օրեր առաջ Ա. Խաչատրյան համերգասրահում տեղի ունեցավ Համասյանի համերգը:

Օրեր անց կթողարկվի նաև Համասյանի նոր՝ «Մի առակ» ձայնասկավառակը։