Ոգեկոչման երգ, որ արարվել էր արտագաղթը կանխելու համար

02:53 • 23.09.11

«Դժվար ժամանակներ էին Հայաստանի համար. պետք էր ստեղծել ոգեկոչման ստեղծագործություն, որպես արվեստագետ՝ ձայն բարձրացնել»,- պատմել է կոմպոզիտոր Ավետիս Բերբերյանը «Մի երգի պատմություն» հաղորդման շրջանակում ներկայացնելով Սայաթ-Նովա մրցանակաբաշխության «հայրենասիրական» անվանակարգում առաջին մրցանակին արժանացած «Ելիր, ով հայ» երգը։ Երգի բառերի հեղինակ Սարգիս Նաջարյանի խոսքով՝ երգի հիմնական ուղերձն է հայ մարդուն. «Մի գնա, մնա ու արարի, սա է այն հողը, որ Աստված քեզ է տվել»։

Երգչուհի Շուշան Պետրոսյանը, ով երգի հիման վրա նկարահանված տեսահոլովակում ներկայացնում է Մայր Հայաստանը նշել է, որ նկարահանման ժամանակ առերեսվել են բազմաթիվ դժվարությունների։ Ռեժիսոր Աշոտ Գևորգյանը հիշել է, որ մեծ բարձրությունից երգչուհին վախենում էր, սակայն համառորեն պահպանել է ստեղծագործական գիծը, ինչի արդյունքում երգի խոսքը, երաժշտությունն ու տեսահոլովակն այնքան համահունչ են, ասես «գրկախառնված լինեն»։

Ավետիս Բերբերյանը պատմել է, որ վերջերս Սան-Ֆրանցիսկոյում 120 հոգանոց նվագախմբի և հայտնի երգիչների կատարմամբ հնչած «Ելիր, ով հայ»-ն ալեկոծել է լեփ-լեցուն համերգասրահը։ Հայ և օտարազգի հանդիսատեսը հուզվել ու հիացել է այս ստեղծագործությամբ, սակայն առավել էական է այն, որ երգն այսօր առավել քան արդիական է։ Ստեղծագործական խմբի կարծիքով, ոգեկոչման այս ստեղծագործությունն առավել անհրաժեշտ է հիմա, երբ արտագաղթը նորից ակնառու չափերի է հասնում։

«Տարիներ եղան, որ ծնվում էին միայն մեռած, մի քիչ առաջ մեռած, հենց նոր մեռած սիրո մասին երգեր, որոնք թիթեռնիկի կյանք էլ չէին ունենում»,- նշել է Սարգիս Նաջարյանը։ Սակայն հիմա, ըստ նրա, նորից արարվում են հայրենասիրական երգեր։