Եթե մենք ուզում ենք հաղթենք, մեր հզոր զենքերն ինչի՞ չենք օգտագործում. Լևոն Իգիթյան
Արդի հայ մշակույթի դիմագծի մասին «Ճանապարհ» հաղորդման հյուրերը վիճեցին՝ իրար լրացնելով։
Դանիել Երաժիշտը գոհ էր արդի հայ մշակույթից. ըստ նրա՝ մշակույթի հրաշալի նմուշներ արարվում են, և դա է չափանիշը։ «Արամ Խաչատրյանի երազանքն էր,- ասաց Դանիել Երաժիշտը։- Նա երազում էր, որ երբ մարդիկ լսեն մեր երաժշտությունն, ասեն՝ պատմեք մեզ այդ ժողովրդի մասին, ցույց տվեք մեզ այն երկիրը, ուր արարվել է այդ երաժշտությունը»։ Նրա դիտարկմամբ՝ այսօր դասական երաժշտության բազմաթիվ փառատոններ ու մրցույթներ կան, որոնցով էլ սկսել է իրականանալ հայ անվանի երաժշտի երազանքը։
«Այն երևույթը, որ առաջ հնչում էր միայն ռեստորաններում, ճաշարաններում, այսօր տիրապետող է դառնում մեծ բեմերում»,- զգուշորեն հակադարձեց Թովմաս Պողոսյանը՝ նշելով, որ Մշակույթի նախարարության խնդիրն է ճիշտ որակել ու որոշակի տիպի արվեստի քարոզչությունը հանրային լրատվամիջոցներով՝ արգելել։ «Մի՞թե անկախացանք, որ կորցնենք մեր ազգային դեմքն ու դիմագիծը»,- ասաց նա։
«Էսօր Հայաստանում մի խումբ կոմպոզիտորներ կան, որոնց գործերը կատարում են արտասահմանյան լավագույն դահլիճներում, մեր հանդիսատեսը էդ կոմպոզիտորների գոյության մասին չգիտի։ Ես հասարակության մասին եմ ասում՝ մեկ-հինգ-տաս հոգի գիտեն։ Մենք ունենք նույնչափ լավ նկարիչներ։ Մենք ունենք մի զենք (չթաքցնենք, մենք հիմա հոգևոր բարոյական պատերազմի մեջ ենք), և ես ուզում եմ հասկանամ, թե եթե մենք ուզում ենք հաղթենք, մեր հզոր զենքերը ինչի՞ չենք օգտագործում»,- նշեց ճարտարապետ Լևոն Իգիթյանը։
Ըստ նրա՝ խնդիրն այն է, որ արցախյան գոյամարտի տարիներին մենք ստիպված էինք իջնել հայ մշակույթի բարձունքից, որ մեր հակառակորդի համար հասկանալի՝ ցածր մակարդակում նրա հետ շփվենք։ «Իջանք, խոսեցինք, հաղթեցինք, ու մոռացանք, որ նորից պիտի բարձրանայինք»,- ասաց նա։ Ըստ նրա՝ սփյուռքահայերը Հայաստան գալիս են «տաշի-տուշիի» համար, ուրիշ բան այստեղ չեն տեսնում, հետո նրանք վերադառնում են «այնտեղ՝ այնտեղ են տեսնում քաղաքակրթությունը»։
«Մենք չենք ցիվիլիզացվում, մենք չենք դաստիարակում ու դաստիարակվում, մենք չենք կանոնավորվում, ինչպես մեր ավետարանական կանոնական աղոթքներն են, մենք չենք լսում, չենք ենթարկվում որևէ մեկին, մենք փորձում ենք կորզել, հասկանալի է քո երեխայի համար ես կորզում, լավ մեքենա ես ուզում»,- նշեց դերասան Ռուդոլֆ Ղևոնդյանը։ Ըստ նրա՝ լավ մշակույթ հայ ժողովուրդն ունեցել է հազարամյակներ առաջ, բայց այսօր սովորել, իմանալ, զարգանալ չի ցանկանում։
Երգահան Էդուարդ Զորիկյանի դիտարկմամբ այսօր մեծ չափով որակյալ մշակույթ ստեղծվում է, և թերևս, Մշակույթի նախարարության միակ խնդիրն այդ արվեստը ժողովրդին հասցնելն է։ Մի դեպքում դա կինոթատրոնն է, մյուս դեպքում՝ թատրոնը կամ համերգասրահը։ Նրա դիտարկմամբ վարակի պես տարածվում է սերը մեր հակառակորդի երաժշտության նկատմամբ, և այսօր սովորական է դարձել հարցնելը. «Բա հարսանիք ա, քեֆ ա, ինչի՞ տակ պարեմ։ Եղբայր, պարիր նրա տակ, ինչի տակ պարել ա պապուդ պապը»,- ասաց Զորիկյանը։
«Փողոց մաքրող իտալացին օպերան գիտի, երգում ա, մենք մեր մշակույթը չգիտենք, Նարեկացու անունը տալիս են, չեն կարդացել, մենակ պոռոտախոսում են»,- հավելեց Լևոն Իգիթյանը։
Հաղորդման ողջ ընթացքում լուռ լսող Մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի վարչության պետ Սոնա Հարությունյանն ասաց. «Ամեն ինչ շատ ավելի վատ է, քան դուք պատկերացնում եք»։










