Մշակույթի նախարարությանն օրական հազարավոր մարդիկ բողոքում են Հ1-ից

02:37 • 24.09.11

«Հանրային հեռուստատեսությունը պետք է լինի Հայաստանի Հանրապետության մշակութային քաղաքականության կրողը»,- նշեց Մշակույթի նախարարության ժամանակակից արվեստների վարչության պետ Սոնա Հարությունյանը «Ճանապարհ» հաղորդման շրջանակում։

Սակայն, ըստ նրա, հանրային հեռուստաընկերությունը բոլորովին չի համապատասխանում իր այդ գործառույթին, իսկ «մշակույթի նախարարությունն էլ հանրային հեռուստատեսության վրա ազդեցության որևէ լծակ չունի»։

«Մենք օրական ստանում ենք հազարավոր զանգեր, և ինձ անձամբ ասում են՝ դե հերիք եղավ, էլի, էս Հ1-ով ինչու են այս կամ այն ցույց տալիս։ Եվ ինձ համար շատ դժվար է բացատրել, որ էս կարգավիճակում նախարարությունը որևէ բան չի կարող պարտադրել հանրային հեռուստատեսությանը»,- ասաց նա։

Սոնա Հարությունյանը հավաստեց, որ ՄՆ ժամանակակից արվեստների մեջ մտնող ոլորտներում «քիչ թե շատ որոշ բաներ հստակեցվել են»՝ երաժշտարվեստի ոլորտում կան փառահեղ փառատոներ, կինոյի ոլորտում կան որոշակի նախագծեր, որ արդյունքներ են տալիս, բայց այս ամենը շատ քիչ է։ «Ամեն ինչ այնքան է ապականված, որ մեր գործը չի կարողանում փակել այդ ամենը. այդ նույն սիրիալները…»,- նշեց նա։