«Ի վերջո, ճիշտ չի, որ նստես ու ասես, ինձ փողը տվեք, ես անեմ». Հրաչ Քեշիշյանը՝ ռեժիսոր-պրոդյուսեր հարաբերության մասին
Ռեժիսորի և պրոդյուսերի աշխատանքների համատեղումը օգնում է ավելի ճիշտ լուծումներ գտնել։ Այս մասին խոսեց ռեժիսոր, պրոդյուսեր «Ա-Թի-Վի» հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Հրաչ Քեշիշյանը՝ հյուրընկալվելով «Մշակութային հայացք» հաղորդմանը։ «Ինչ-որ մի պահ ուզում էի անպայման դաշնակահար դառնալ, բայց 5-6-րդ դասարաններում հասկացա, որ իմը չի»,- պատմեց նա՝ հավելելով, որ ԵՊՀ-ն ավարտել է՝ որպես գիտական մենեջեր։
Այն, որ կարճ ժամանակում ինքը նկարել է «Ոչինչ չի մնա», «Սպանված աղավնի», «Խաչագողի հիշատակարանը» ֆիլմերը, Հրաչ Քեշիշյանն արտառոց չհամարեց։ «Որպես հեռուստատեսային աշխատող՝ ես արագ եմ գործում։ Հոլիվուդում, օրինակ, ռեժիսորները կարողանում են միանգամից երեք ֆիլմ սկսել, կամ դերասանները կարողանում են միանգամից մի քանի ֆիլմում աշխատել»,- ասաց նա։
Ռեժիսորի՝ որպես ստեղծագործողի, և պրոդյուսերի՝ որպես փող բերողի, կերպարների համարդումն իր համար խնդրահարույց չի, և այդ երկուսի հակասությունն ինքը չի զգում։ «Ի վերջո, ճիշտ չի, որ նստես ու ասես, ինձ փողը տվեք, ես անեմ»,- ասաց նա՝ հավաստելով, որ երբ ինքդ ես գնահատում քո աշխատանքի իրացվելու հավանականությունն, առավել ճիշտ ես աշխատում ստեղծագործական հարթության վրա։
Տանը Հրաչ Քեշիշյանը չի աշխատում։ Երբեմն խնդիրները մոռացության է մատնում ոգելիցի օգնությամբ։ Նա աշխատելիս չի մոռանում իր երազանքները։ «Առանց երազանքի կյանքը վերջանում է,- ասաց նա։- Իմ ամբողջ աշխատանքային գործունեությունն ուղղված է հեռուստատեսությանը, որ ավելի, ավելի, ավելի դիտվող դառնա «Ա-Թի-Վի»-ն. արդյունքները կարծում եմ ակնհայտ են»։
Վերջում բարեմաղթեց «իր ավանդական, հեղինակային» խոսքերով. «Մնացեք ձեր սկզբունքներին հավատարիմ և ապրեցեք երկար»։










