«Կփորձեմ` ամեն հարս մոդելի նմանեմ». Երվանդ Զանազանյանը՝ աշխարհի լավագույն հարսանեկան լուսանկարիչների հնգյակում

01:15 • 27.09.11

Հայ լուսանկարիչ Երվանդ Զանազանյանը՝ աշխարհի լավագույն հարսանեկան լուսանկարիչների հնգյակում է։ Նա ծնվել է Եթովպիայում, ապրում և աշխատում է Ավստրալիայում. աշխարհի ամենաթանկ լուսանկարիչներից մեկն է, ունի իր աշխարհահռչակ բրենդը՝ «Yervant»: Նրա լուսանկարիչ կինը՝ Անին, որդիները ևս ներգրավված են ընտանեկան բիզնեսում։ Նրան ներկայացրեց «Աշխարհի հայերը» հաղորդումը։

Եթովպիայում Երվանդ Զանազանյանի հայրը եղել է արքունական ոսկերիչ։ Եթովպահայ համայնքի մասին պատմելիս Զանազանյանը նշեց, որ հայերը եթովպացիների կողմից թե սիրված և թե հարգված էին, ընկերական-բարեկամանական կապեր ունեին հեղինակավոր ընտանիքների հետ։ «1000 հոգի էինք, բայց կանոնավոր, չորս գմբեթով հայկական եկեղեցի ունեինք, նախակրթարան ունեինք»,- պատմել է նա։ Նրա հայրն էլ լուսանկարիչ է եղել՝ արքունիքի լուսանկարիչը։

Երվանդ Զանազանյանն իր առաջին պարգևը պրոֆեսիոնալ լուսանկարչության ասպարեզում ստացել է 9 տարկանում՝ հոր անունով մրցույթին ներկայացնելով իր աշխատանքը։ 11 տարեկանում նրան պարգևատրել է Եթովպիայի արքա Հալլե Սելլասեն։ Նա արժանացել է դիմանկարային լուսանկարչության բարձրագույն պարգևի, 3 տարի շարունակ ճանաչվել է լավագույն հարսանեկան լուսանկարիչը։

Հարսանեկան լուսանկարչությունը նրան դուր է գալիս յուրաքանչյուրի պահը որսալու կարևորությամբ. «Չես կրնար կրկնիլ, պիտի ամեն բան փըրֆեքթ ադ վայրկյանին նկարես»,- ասել է նա։ Իր հայացքի ներքո ամեն հարս գեղեցիկ է յուրովի, և իր խնդիրն է այդ գեղեցկությունը ներկայացնելն է։ «Կփորձեմ` ամեն հարս մոդելի նմանեմ՝ գեղեցիկ, տգեղ»։

Նա հիշել է իր հարսանիքի արարողությունը. հրավիրելով իր լուսանկարիչ ծանոթներից մեկին՝ նա հարսանիքի ողջ ընթացքում անդադար քննդատել է նրա աշխատանքը։

Ֆոտոյի համակարգչային մշակման Երվանդ Զանազանյանի հեղինակած համակարգն իր ժամանակին նոր խոսք էր լուսանկարչության մեջ։ Թվային նկարները համակարգող այս ծրագիրը ներկայացնելով Լաս-Վեգասի գիտաժողովին՝ նա հիացրել է ոչ միայն տեխնիկական ինքնատիպ լուծմամբ, այլև՝ իր լուսանկարներով։ «Երբ կներկայացնեի, կըսեին՝ աս պատկերն անողը ո՞վ է. ֆոտոգրեֆըները նոր անդրադարձան որ իմին նկարներս են։ Հետո ամեն տարի կհրավիրեն ինձի, հինգ-վեց հազար հոգիի առջև կխոսիմ»,- նշել է նա։ Նրա վարպետաց դասերին են հաճախում արդեն կայացած լուսանկարիչներ։

Լուսանկարչությունն, ըստ Երվանդ Զանազանյանի, շահավետ է, եթե ճիշտ կազմակերպես։ Նրա ծառայություններն արժեն մոտ 20-100 հազար դոլար։

Բազմաթիվ հայեր ֆոտոբիզնեսում հայտնի են՝ օրինակ, Երուսաղեմում բոլոր ճանաչված լուսանկարիչները հայ են։ «Հայերը շատ կարող են, և հայերը շատ արթիսթ են. արթիսթիկ ցեղ ենք՝ դերձակ, դիզայներ, շատերն անունը փոխած են, բայց հիսթըրիքլի, շատ հարգված ենք մենք դուրսի քաղաքների մեջ»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ հայերը լուսանկարչության հիմնադիրն են Թուրքիայում, Իրանում, Եգիպտոսում, Պաղեստինում, և նույնիսկ՝ Ֆրանսիայում և Վրաստանում։ Հայկական լուսանկարչությունը ծնունդ է առել Կոնստանդնապոլսում։ Օսմանյան կայսրության առաջին լուսանկարիչներն են եղել Գևորգ, Հովսեփ և Վիչեն Աբդուլահմյանները։ Պաղեստինի առաջին լուսանկարիչը Երուսաղեմի հայոց պատրիարք Եսայի Կարապետյանն է եղել. իր աշակերտների հետ նա սուրբ Հակոբաց վանքում ֆոտոատելյե է ստեղծել, ուր թե հայերին թե արաբներին հնարավորություն է տվել բացահայտել ֆոտոարվեստի գաղտնիքները։

Աշխարհի ամենահայտնի հայ լուսանկարիչը Յուսուֆ Քարշն է՝ Հովսեփ Քարշլյանը։ Նա հասցրել է պատկերել 20-րդ դարի 100 մեծագույն գործիչներից 51-ին։ Նրան են պատկանում Ուինսթոն Չերչիլի, Էռնեստ Հեմինգուեյի, Ալբերտ Էյնշտեյնի, Ֆիդել Կաստրոյի, Օդրի Հեբբերնի, Ջոն Քենեդու, Պաբլո Պիկասսոյի, Նիկիտա Խրյուշչովի ամենահայտնի լուսանկարները։