Նարեկ Հախնազարյանը չելյաբինսկցի հանդիսատեսին ցնցել է իր փայլուն կատարմամբ

12:43 • 28.09.11

Չելյաբինսկի բալետի և օպերայի թատրոնում  (Ռուսաստան,Չելյաբինսկ քաղաք) տեղի է ունեցել Ռուսական ազգային երգչախմբի ելույթը՝ ՌԴ ժողովրդական արտիստ, դիրիժոր Միխայիլ Պլետնևի գխավորությամբ։ Ինչպես տեղեկանում ենք ռուսական լրատվամիջոցներից, երգչախմբի ամենաերիտասարդ կատարողը Չայկովսկու անվան 14-րդ միջազգային մրցույթի հաղթող թավջութակահար Նարեկ Հախնազարյանն է եղել, որը հանդիսատեսին ցնցել է իր փայլուն կատարամամբ։ Համերգին հնչել են կոմպոզիտորներ Անտոնին Դվորժակի, Պյոտր Չայկովսկու ստեղծագործությունները:

  «Դվորժակի Կոնցերտը ծրագրում ընդգրկվել է իմ խնդրանքով,– ռուսական chelyabinsk.ru կայքի հետ զրույցում ասել է Հախնազարյանը և հավելել,– Դա երաժիշտների կողմից ամենասիրած ստեղծագործություններից մեկն է։ Դվորժակի հանդեպ հատուկ վերաբերունք ինձ մոտ ձևավորվեց Չայկովսկու անվան մրցույթից հետո, որտեղ ես, ի թիվս այլ ստեղծագործությունների, իրականացրեցի նաև նրա  Կոնցերտը»։

Նարեկը պատմել է, որ հաղթանակից հետո իրեն  Հայաստանում դիմավորել են որպես ազգային հերոսի. «Բանն այն է, որ ես դարձա երկրի առաջին  երաժիշտը, որը հաղթեց այդ աշխարհով մեկ հայտնի մրցույթում»։

 Հախնազարյանը պատմել է նաև, որ իր հաղթանակից հետո ԱՄՆ–ում ապրող իտալացի մի վարպետի երաժշտական գործիքների կոլեկցիոները մեկ տարի օգտագործման նպատակով իրեն 300 տարվա մի թավջութակ է տվել.  «Ես լավ գործիք չունեի, և այժմ, իհարկե, մեծ հուզմունքով եմ վերաբերվում այդ թավջութակին»,–ասել է Հախնազարյանը։

«Ամենազարմանալին այն է, որ համերգի ժամանակ այնպիսի զգացողություն էր, որ 300 տարի առաջ իտալացի վարպետը հենց այդ երիտասարդի համար էր ստեղծել այդ գործիքը»– գրում է կայքի թղթակիցը և հավելում, որ դահլիճը Նարեկին բուռն ծափահարություններով և մեծ ոգևորությամբ է ընդունել։