«Խաղաղության տուր»-ի շրջանակում Արա Գևորգյանը կնվագի Հարավային Ամերիկայում
«Ասում էի, որ չարչարվում, չարչարվում եմ։ Վերջապես, ավարտեցի «Սիրեցեք զմիմյանս» ստեղծագործությունը», ավարտեցի 7 տարում,- Հ1 ՀԸ-ի «Բարև, մենք ենք» ծրագրին հյուրընկալվելով՝ ասաց աշխարհահռչակ կոմպոզիտոր Արա Գևորգյանը»։ Նա հաղորդեց, որ այս ալբոմում 14 ազգ իրենց ազգային գործիքներով իր ազգայինն է նվագում, և բոլորը նվագում են միասին։
Արա Գևորգյանը նշեց, որ «Սիրեցեք զմիմյանս» նախագծի պատրաստի DVD-ն ներառում է 25 րոպեանոց ֆիլմ, 4.5 րոպեանոց տեսահոլովակ և 8.45 րոպեանոց՝ ոչ հեռուստատեսային տեսահոլովակ։ Ալբոմի գեղարվեստական ձևավորումը (обложка)-ն ԱՄՆ-ում ստացել է մրցանակ, իսկ «Coutnry» հագուստի մեգացանցն այդ դիզայնով հագուստ արտադրելու իրավունք է գնել։
Հիմա կոմպոզիտորն աշխատում է առավել մեծ նախագիծ իրականացնել՝ նա ցանկանում է աշխարհի ամենահայտնի և ամենալավ երգիչներին մեկտեղել, որպեսզի «բոլորը միասին երգեն մեկ՝ խաղաղության նվիրված երգ»։ Այս նախագծի համար հիմա իրենք բանակցում են Սելին Դիոնի և Մըրայը Քերիի հետ։
Արա Գևորգյանն այլևս չի թողարկի ձայնասկավառակ, քանի որ Հայաստանում հեղինակային իրավունքը բոլորովին չի պահպանվում։ «Հիմա բոլոր վաճառակետերում կան իմ ձայնասկավառակները, բայց ես որևէ մեկին արտոնություն չեմ տվել,- ասաց նա։- Ես չէի ուզենա, որ էդ ձայնասկավառակների շուկան փակվեր. ի վերջո, մարդիկ ընտանիք են պահում։ Ես առաջարկում եմ, որ մեր պետությունը աչք փակի ուրիշ երկրների (չնայած ես դա էլ չեմ ընդունում) ստեղծագործողների, ասենք՝ Մայքլ Ջեքսոնի ալբոմների վաճառքի վրա, բայց մեր ստեղծագործողները, որ դրանով պիտի ապրեն, էդ պատճառով չթողնեն-գնան»։ Որպես օրինակ՝ կոմպոզիտորը հիշեց Սամվել Եղինյանի մասին, ով հիմա նվագում է Յանիի մոտ։
Արա Գևորգյանի կարծիքով՝ լավ արվեստագետի համար իր երկրի փոքրությունը ոչ մի նշանակություն չունի։ «Իմ երաժշտության տակ պարում են աշխարհի առաջնություններում, Եվրոպայի չեմպիոնատներում, աշխարհի օլիմպիադաներում, վրացին պարում է իմ երաժշտության տակ և հայտարարվում է՝ հայ հեղինակ Արա Գևորգյան. ամբողջ Վրաստանը ներկայացավ իմ երաժշտության տակ ու հայտարարվեց՝ Արա Գևորգյան»,- ասաց կոմպոզիտորը։
Նա նշեց, որ հիմա գրանցված է աշխարհի գերթե բոլոր հեղինակային ընկերություններում և իր երգերի օգտագործման դեպքում ստանալու է հոնորարներ։ «Մարդկային մեծ ֆակտոր ա գործում՝ ի տարբերություն մեր երկրի»,- ասաց նա՝ հաղորդելով, որ վերջերս իրեն գտել և պայմանագիր են ուղարկե Ճապոնիայից՝ իր երաժշտությունն օգտագործելու դիմաց վճարելու համար։
«Խոսքը գնում ա գողի մասին (ես չեմ վախենում էդ խոսքն ասել, քանի որ անձնական զրույցներ եմ ունեցել հեղինակային իրավունքները խախտող ընկերությունների ղեկավարների հետ, և հասկացել եմ, որ իրենք ոչինչ չանելով՝ փող են աշխատում), իսկ էն ստեղծագործողը, որ գիշերը չի քնում, էսօր չի կարողանում փող աշխատել»։
Կոմպոզիտորի նախաձեռնած «Խաղաղության տուր»-ի շրջանակում Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսի հրապարակում հոկտեմբերի 9-ին կկայանա իր հերթական համերգը՝ Բուենոս Այրեսի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ միասին։ Հաջորդիվ նա ելույթ կունենա Ուրոգվայում (Մոնտեվիդեո քաղաքում) և Բրազիլիայում (Սան Պաուլո)։
«Ես հասկացել եմ մի բան՝ հետներս ոչինչ չենք տանելու, հազար տարի էլ չենք ապրելու. մնում ա արված գործը։ Ինչքան լավ բան կարող ես անել, ինչքան բարի կամեցող լինես, էնքան երեխաներդ պարզ ճակատով կապրեն,- ասաց Արա Գևորգյանը։- Ժողովուրդ, եկեք իրար ժպտանք, եկեք թասիբ-նամուսով վերաբերվենք մեր քաղաքին, մեր աշխատանքին, շան պես չհաչանք իրար հետևից։ Ու թե էսպես ապրենք, մի օր էլ կվերանան պատերազմները»։










