Ինքնակոչ շահագործողը Քարերի սիմֆոնիայով դեռ փող է աշխատում

13:26 • 29.09.11

«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության էլեկտրոնային փոստի հասցեին ահազանգ է ստացվել այն մասին, որ Գառնու կիրճում գտնվող հայտնի Քարերի սիմֆոնիա բնության հուշարձան այցելելու համար անցած կիրակի օրը զբոսաշրջիկներից պահանջել են վճարել 1000-ական դրամ` դրա դիմաց այսպես կոչված «չեկ» տալով: «Չեկ»-ն, իր հերթին, իրենից ներկայացնում է մի կտոր դպրոցական տետրից` վրան կնիք, ձեռքով գրված համարը, գումարի չափը և «հանգստի գոտի» բառակապակցությունը (տե՛ս լուսանկարը):

Նախաձեռնությունը հիշեցնում է` դեռևս հուլիսի 26-ին բնապահպանության նախարարությունից հայտնել էին, թե որևէ անհատի երբևէ չեն լիազորել Գառնու ձորում նման գործունեություն իրականացնել:
«Փաստորեն, հրապարակումից 2 ամիս անց էլ Ժայռային սիմֆոնիայում նույն խայտառակությունն է տիրում»,- ահազանգում է նախաձեռնությունը::

Ինչպես տեղեկանում ենք «չեկի» վրա առկա կնիքից, Գառնու ձորում անօրինական «անհատ ձեռներեցություն» է իրականացնում ոմն Շմավոն Համբարձումյանը:

«Իսկ այն, որ բնապահպանության նախարարությունը, քաջատեղյակ լինելով հանդերձ, որևէ քայլ չի ձեռնարկում իրավիճակը շտկելու ուղղությամբ, կասկածների տեղիք է տալիս գերատեսչության վերնախավում գտնվող անձանց կողմից տվյալ հարցում շահեր ունենալու մասին»,- եզրևակացնում է «Չեն լռելու» նախաձեռնությունը:

«Չենք լռելու»-ն շտապ պահանջում է բնապահպանության նախարարության պարզաբանումները բարձրացված խնդրի վերաբերյալ: