«Տռզած փորեր»՝ հոլովակ, ուր կա խնդիր, սիրտ ու ազնվություն. Վահան Արծրունի

03:05 • 30.09.11

«Մի երգի պատմություն» հաղորդումն այս շաբաթ անդրադարձել է «Տռզած փորեր» երգին։ Այն արարվել է 20 տարի առաջ, նոր է ստեղծվել տեսահոլովակը, իսկ թեման, ինչպես նշեց երաժիշտ Վահան Արծրունին, անընդհատ վերադառնում է։ Հեղինակ-կատարող Էդուարդ Զորիկյանը նշեց, որ ցանկացել է երգի հիմքում դնել մի հին ճշմարտություն. «Չի կարելի կտրել այն ճյուղը, որի վրա նստած ես»։ Արվեստագետները խոսել են ձայնագրման դժվարությունների մասին։

«Ձայնագրությունը կատարվել է Ռուբեն Մելիքյանի սինթեզատորով, որն իրականում խաղալիք էր»,- պատմեց Արծրունին, իսկ Զորիկյանը հավելեց. «Բավական տնական պայմաններում. բայց Թոմաս Բադալյանը կարողանում էր որոշակի արդյունք ստանալ»։

1991թ-ն էր, և էլեկտրաէներգիայի, տեխնիկայի և մյուս բոլոր միջոցների սղության պարագայում, երբ Հայաստանում դեռ չկար ձայնագրման ստուդիա, «մի անգամ Զորիկյանը՝ գրկած իր մագնիտաֆոնը, ես՝ իմ երկու միկրաֆոնները, երկու գիթառներով գիշերվա ժամը 10-ին մոտենում ենք Կոնսերվատորիայի դռանը,- պատմեց Արծրունին։- Պահակը մոտենում ա դռանը։ Ասում ենք՝ գժի տեղ ես մեզ դնելու, բայց եկել ենք ձայնագրվելու։ Ասում ա՝ ստեղ չկա ձայնագրման ստուդիա։ Ասում ենք՝ մենք հենց ստեղ՝ առանց վերև բարձրանալու, ձայնագրվելու ենք։ Ինքն էլ, դե լավ, եթե չեք բարձրանալու, եկեք։ Տենց։ Մինչև առավոտվա վեցը թե յոթը Էդիկը ինչքան երգ ուներ ձայնագրեցինք, ես՝ ինչքան երգ ունեի, ձայնագրեցինք»։

Քսան տարի առաջվանից հնչող երգի տեսահոլովակը նկարահանել է Էդուարդ Զորիկյանի աղջիկը՝ Սիրարփի Զորիկյանը. նկարահանել է մենակ, իր սենյակում փակված, մեկ օրվա ընթացքում։ «Սա տեսահոլովակ չէի համարի, սա երեխայի անդրադարձ է, որը հուզել է իր ծնողներին, և հիմա հուզում է մեզ՝ բոլորիս,- ասաց Արծրունին։- Երգն անդրադառնում է մի խնդրի, որը խանգարում է մեզ ապրել։ Դրա համար էդքան մանկական երգերի միջին երեխան սա է պատկերացրել, նկարել»։

Սիրարփիի պատանեկան ոգևորությամբ ընտանեկան անակնկալի երևույթն, ըստ Արծրունու, այն արվեստագիտական հիմքն է, որի վրա էլ զարգացել է իրենց գործունեությունը։ «Իրականում սա էն գործն ա, որ մենք հենց էսպես արել ենք մեզ համար և մեր ընկերների համար, իսկ էսօր Սիրարփիկն արեց իր ծնողների և մեզ համար։ Եվ էսօր մենք սա ներկայացնում ենք լայն հանդիսատեսին, որ դուք տեսնեք սրա մեջ խնդիր, սրա մեջ՝ սիրտ, սրա մեջ՝ ազնվություն»,- ասաց Վահան Արծրունին։

http://www.youtube.com/watch?v=HHn1pne1qaE