«Էրեբունի»-ում ներկայացվել է 10 սեպագիր արձանագրությունների և սեպագրեր կրող 12 կավանոթների ցուցահանդես

17:08 • 01.10.11

Այսօր «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը միացել է Հայաստանում մեկնարկող Եվրոպական ժառանգության օրերին` թանգարանի ներքին բակում կազմակերպված բնօրինակ 10 սեպագիր արձանագրությունների և սեպագրեր կրող 12 կավանոթների ցուցադրությամբ` իր համերաշխությունը հայտնելով Եվրոպայի մշակութային ժառանգության պահպանությանն ու խրախուսմանն ուղղված համաեվրոպական ջանքերին:

Բացելով միջոցառումը` «Էրեբունի» արգելոց-թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանը մասնավորապես ընդգծել է այս տարի Օրերի համար ընտրված թեմայի կարևորությունը. հազարամյակների խորքից եկող գրավոր ժառանգությունը Հայաստանի վարկանիշն է և մենք պարտավոր ենք արժանավայել դիմավորել հայկական տպագրության 500-ամյակի տոնակատարություններն ու Երևանի` 2012 թվականին Գրքի համաշխարհային մայրաքաղաքի միջոցառումները: Նա նաև նշել է, որ «Գրավոր ժառանգության ակունքներում. սեպագիր» խորագիրը կրող ցուցահանդեսը ընդառաջ է այդ 2 կարևոր ու պատասխանատու մշակութային իրադարձություններին:

Ինչպես հայտնում են արգելոց-թանգարանից, իրենց հրավերքին արձագանքել և իր ներկայությամբ միջոցառումը պատվել էր Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Սիլվիա Զեհեն: Ողջունելով ներկաներին` նա խոսել է նախաձեռնության հիմնադիր կազմակերպության` Եվրոպայի խորհրդի դերակատարության ու շարունակական ջանքերի մասին` Օրերի կայացման գործում: Զեհեն նաև կատակել է, թե ինքն այսօր Էրեբունի է եկել գերմանական ազգային կոստյումով` փորձելով խրախուսել մշակութային բազմազանությունը և ճանաչելի դարձնել նաև գերմանական մշակույթը Հայաստանում:

«Գրավոր ժառանգության ակունքներում. սեպագիր» ցուցահանդեսը այցելուներին միաժամանակ ներկայացնում էր 5 մեծադիր պաստառներ` գծելով գրավոր ժառանգության հետագիծը` մինչև էլեկտրոնային գիրք: Անցնելով պաստառից պաստառ այցելուն կարծես անցնում է պատմական մի ժամանակահատվածից մյուսը և մեկ անգամ ևս ըմբռնում գրի անգնահատելի նշանակությունը:

Ցուցահանդեսը կգործի մինչև 2011թ. նոյեմբերի 1-ը: