Հրաչյա Ավանեսյանը Հայաստան է վերադարձել Ստրադիվարիուսի ջութակով

23:25 • 02.10.11

Հանրահայտ ջութակահար Հրաչյա Ավանեսյանն, ով պարտադիր զինապարտության կապակցությամբ ունեցած խնդիրների պատճառով չկարողացավ այս տարի մեկնել Սանկտ Պետերբուրգ ու ներկայացնել Հայաստանը Չայկովսկու անվան հեղինակավոր միջազգային մրցույթին, այժմ Երևանում է: Հիշեցնենք, որ Facebook սոցիալական ցանցում օգտատերերի կողմից բարձրացված աղմուկից ու տարբեր գերատեսչություններ ուղարկված նամակներից հետո կառավարության որոշմամբ երաժշտին պարտադիր զինծառայությունից տարկետում տրվեց:

Հրաչյան, ով 2002-ից բնակվում է Բելգիայում, Վերադարձի դասական երաժշտության 5–րդ փառատոնի շրջանակներում երկու համերգով հանդես է գալու մայրաքաղաքում: Առաջին համերգը տեղի կունենա հոկտեմբերի 4-ին` Oպերայի և Բալետի ազգային ակադեմիական թատրոնում, իսկ երկրորդը` Կամերային երաժշտության տանը: Ձեզ ենք ներկայացնում Հրաչյա Ավանեսյանի հետ tert.am-ի հարցազրույցը:

Հրաչյա, երկարատև սպասումից հետո մենք վերջապես հնարավորություն ունենք ներկա գտնվելու քո համերգին: Հայտնի է, որ խնդիրներ կային բանակում պարտադիր ծառայության հետ, ինչի պատճառով չկարողացար ներկայացնել Հայաստանը Չայկովսկու անվան մրցույթին: Ո՞րն էր խնդիրը:

Խնդիրը իմ` հետախուզման գտնվելու մեջ էր, բայց շնորհիվ հայաստանցիների ու Facebook-ի օգտատերերի ջանքերի` ինձ տարկետում տվեցին, սակայն ցավոք սրտի տարկետումը ես ստացա Սանկտ Պետերբուրգ թռիչքից 48 ժամ առաջ ու այդ ժամանակահատվածում չհասցրեցի ջութակի համար անձնագիր և լոնդոնյան ապահովագրական ընկերությունից հատուկ թույլտվություն ստանալ, որոնք պարտադիր էին. առանց դրանց Ռուսաստան գնալ հնարավոր չէր լինի, այդ իսկ պատճառով չկարողացա մասնակցել մրցույթին:

Իսկ դու որևէ պետական գերատեսչության նախօրոք դիմե՞լ էիր:

Այո, մենք դիմել էինք տարբեր մարմինների, սակայն մեր դիմումները մի գերատեսչությունից մյուսն էին ուղարկում, ու այդպես էլ չստացվեց: Բայց, ինչպես գիտեք, քաղաքացիների միջնորդության շնորհիվ այդ հարցը լուծում ստացավ: Ֆեյսբուքցիները կարողացան նպաստել այդ հարցի լուծմանը, ինչի համար նրանցից շնորհակալ եմ:

Մինչ ֆեյսբուքյան ակտիվությունը Մշակույթի կամ Պաշտպանության նախարարությունների կողմից քո նամակներին որևէ արձագանք եղե՞լ են:

Մշակույթի նախարարություն մենք նամակ չէինք գրել, հայրիկս անձամբ բանավոր այդ հարցը բարձրացրել էր, սակայն մեզ խորհուրդ էին տվել դիմել Արդարադատության նախարարություն:

Հրաչյա, Բելգիայում գտնվել ես ուսումնառության նպատակո՞վ:

Ապրում եմ Բելգիայում, ասպիրանտուրան անցել եմ Քյոլնում, մեկ տարի:

Այս պահին ինչո՞վ ես զբաղվում:

Համերգներով: Դա իմ աշխատանքն է:

Դու, փաստորեն, այժմ ՀՀ քաղաքացի՞ ես:

Այո:

Իսկ Եվրոպայում ինչպե՞ս են վերաբերում հայաստանցի երաժշտին: Դիսկրիմինացիա նկատե՞լ ես:

Դիսկրիմինացիա չեմ զգացել, բայց բնական է, որ ցանկացած երկրում ցանկանում են, որ իրենց ազգի ներկայացուցիչը մեծ հաջողությունների հասնի, դրա համար էլ սկզբնական շրջանում շատ բարդ էր, բայց պետք է ասեմ, որ հայկական մշակույթը հարգանքի է արժանանում արտերկրում: Բազմաթիվ անգամ եվրոպացիներն ինձ հարցրել են` հայերը թվով շա՞տ են: Այս հարցը նրանց մոտ առաջանում է, քանի որ ամենուր նվագախմբերում հայեր կան, որոնք մեծ հաջողությունների են հասել, դրա համար եվրոպացիների մոտ տպավորություն կա, որ մենք չինացիների պես շատ ենք:

Ինչպիսի՞ հեղինակավոր մրցույթների ես մասնակցել:

Մասնակցել եմ տարբեր մրցույթների: Մենուհինի անվան մրցույթին առաջին տեղն եմ զբաղեցրել, Հենրի Վիետանի մրցույթում ևս առաջին հորիզոնականն եմ զբաղեցրել: Մասնակցել եմ նաև Կարլ Նիլսենի և մի շարք այլ հեղինակավոր մրցույթների` բարձր պահելով Հայաստանի պատիվը:

Եթե Հրաչյա Ավանեսյանը մնար Հայաստանում, կհասնե՞ր նման հաջողությունների:

Շատ ավելի դժվար կլիներ` կապված այն բանի հետ, որ Հայաստանն իր աշխարհագրական դիրքով բավականին հեռու է այն կարևոր բեմերից և մրցույթներից, որոնք նպաստում են հաջողությանը: Սոցիալական վիճակի պատճառով շատ դժվար կլիներ մասնակցել նման մրցույթների: Ժամանակին մի ամբողջ տարի Հայաստանում հովանավորներ էինք փնտրում, որպեսզի կարողանամ մասնակցել մեկ մրցույթի: Իսկ Եվրոպայում ես բախտ ունեցա սովորել Իգոր Oյստրախի դպրոցում, ինչը մեծ ձեռքբերում է: Ամեն դեպքում տաղանդավոր մարդը ոչ մի տեղ չի կորի, բայց շատ ավելի դժվար կլիներ Հայաստանում:

Եվրոպայի տարբեր երկրների հայ համայնքը աջակցություն ցուցաբերու՞մ է:

Հայ համայնքն ինչ-որ հարցերով օգտակար լինում է: Բնական է, որ բոլոր հարցերով օգտակար լինել չեն կարող, որովհետև ինչ-որ բաներ երաժիշտն ինքը պետք է անի: Ի վերջո, երաժշտի հաջողությունները կախված են նախ և առաջ հենց իրենից: Բայց չեմ կարող ուրանալ. թե Լոնդոնում, թե Փարիզում ու Միացյալ Նահանգներում հայ համայնքը որոշակի աջակցություն ցուցաբերում է:

Հրաչյա, Հայաստանում դու հանդես ես գալու Վերադարձի փառատոնի շրջանակներում: Անունն ինքնին խորհրդանշական է. պատրաստվու՞մ ես վերադառնալ հայրենիք` մշտական բնակության:

Տվյալ պահին շատ դժվար է պատասխանել այդ հարցին, քանի որ իմ կարիերան դեռևս ձևավորման փուլում է ու այն ձևավորվում է Եվրոպայում: Չեմ բացառում, սակայն, որ հետագայում վերադառնամ Հայաստան: Այժմ հայրենիք եմ եկել երկարատև դադարից հետո ու մի փոքր հուզված եմ: Մինչև 17 տարեկան Հայաստանում եմ ապրել, բայց համարյա 8 տարի Հայաստանում չեմ եղել ու այն փոքր-ինչ անճանաչելի է ինձ համար այս պահին:

Երկարատև դադարից հետո կրկին հանդես ես գալու հայ հանդիսատեսի առջև: Ինչպիսի՞ զգացողություններ կան:

Ես ժամանակին Հայաստանում շատ եմ նվագել ու հայ հանդիսատեսն ինձ անծանոթ չէ: Ամենուր, որտեղ ես համերգներով հանդես եմ եկել, հայեր եղել են: Նույնիսկ Ճապոնիայում, որտեղ վերջերս համերգներով հադես եկա, հայեր կային: Այնուամենայնիվ, անհամբերությամբ եմ սպասում Հայաստանում հայ հանդիսատեսի առջև հանդես գալու օրվան:

Երաժշտության պատմության ընթացքում հռչակավոր ջութակահարներ քիչ չեն եղել. Մենուհին, Oյստրախ, Հեյֆեց, Կոգան... Նրանցից ո՞վ է քեզ համար օրինակելի:

Գիտեք, պատանեկության տարիներին տարբեր շրջաններ են եղել, սակայն հիմա չեմ կարող ասել, թե կա մեկն, ով բոլոր չափանիշներով բավարարում է ինձ: Նրանցից յուրաքանչյուրն իր կարևորությունն ունի կատարողական արվեստի պատմության մեջ, նրանցից յուրաքանչյուրն իր անկրկնելի կատարումն ունի:

Եվրոպայում շատ են հայ տաղանդավոր երաժիշտները: Դուք միմյանց հետ կապեր պահպանու՞մ եք:

Այո, իհարկե, որոշ երաժիշտների հետ շատ մոտ եմ: Մասնագիտության բերումով բոլորս անընդհատ շրջագայում ենք, բոլորս զբաղված ենք, բայց երբեմն հանդիպում ենք:

Հրաչյա, քեզ հետ բերե՞լ ես Ստրադիվարիուսի Piatti ջութակը:

Այո, բերել եմ:

Ի՞նչ նշանակություն ունի այն քեզ համար:

Ստրադիվարիուսի ջութակներն իրենց որակով ու մակարդակով տարբերվում են մնացյալ բոլոր ջութակներից, բայց ոչ միայն ձայնի հստակությամբ: Յուրաքանչյուր ջութակ իր յուրահատկությունն ունի: Այս գործիքի հետ ես շատ եմ կապվել, քանի որ քանի տարի է` այն ինձ հետ է: Այն հետաքրքիր պատմություն ունի. հանճարեղ ջութակահար Նիկոլո Պագանինին իր կյանքի որոշակի ժամանակաշրջանում նվագել է այս գործիքով: Բացի այդ, Ֆրից Կրեյսլերի մի նշանավոր ձայնագրություն կա, որում նա այս ջութակով է նվագում: Այս ամենից հետո, իհարկե, գործիքի նկատմամբ վերաբերմունքն այլ է: Բայց ասեմ նաև, որ Ստրադիվարիուսի ջութակով նվագելը հեշտ չէ, քանի որ նույնիսկ ամենափոքր անճշտություններն իսկույն զգացվում են ու ակնհայտ են, քանի որ ջութակի ձայնը շատ ավելի հստակ ու մաքուր է: Ստացվում է այնպես, որ Piatti-ն ստիպում է ավելի շատ պարապել, քան այլ գործիքները:

Որքա՞ն ժամանակ է Piatti-ն քեզ մոտ լինելու: Դու պետք է այն վերադարձնե՞ս:

Այդ հարցը դեռևս ճշտված չէ: Գործիքը թագուհի Ելիզավետայի ֆոնդից է: Մոտ ապագայում գործիքը կարող է վաճառքի հանվել, բայց դեռևս հայտնի չէ` երբ:

Լավ, իսկ ինչո՞վ է զբաղվում Հրաչյա Ավանեսյանն ազատ ժամանակ:

Շախմատ եմ սիրում խաղալ, շատ լավ պարում եմ: Լսում եմ տարբեր ժանրի երաժշտություն` սկսած ջազից, ֆրանսիական շանսոնից: Փորձում եմ հետևել երաժշտական նորություններին, քանի որ կարծում եմ` դրանք արտահայտվում են են դասական երաժշտության իմ ինտերպրետացիաներում: Կարծում եմ, որ ճիշտ չէ մշտապես լինել մեկ ուղղության վրա ու միակողմանի առաջ գնալ:

Հրաչյա, գործի բերումով շփվել ես տարբեր երկրների հանդիսատեսի հետ: Ի՞նչ առանձնահատկություններ ունի հանդիսատեսը տարբեր երկրներում:

Հանդիսատեսի հիմնական տարբերությունը էմոցիոնալ համակարգերում է: Անցյալ տարի այնպես ստացվեց, որ երկու շաբաթվա ընթացքում համերգներով հանդես եկա Հարավային Աֆրիկայում ու Դանիայում, Շվեդիայում: Աֆրիկայում հանդիսատեսը խիստ էմոցիոնալ էր, իսկ Դանիայում համերգն այնքան սառն ընդունեցին, որ մենք կարծեցինք` հանդիսատեսն այն չի հավանել, սակայն համերգի կազմակերպիչը վերջում մեզ ասաց, որ նման էնտուզիազմ ու ոգևորություն դանիացի հանդիսատեսի մոտ երբևէ չէր տեսել: Այսինքն, մարդիկ տարբեր են` կախված իրենց էմոցիոնալ համակարգից: Իսկ ինձ համար ամենահաճելի հանդիսատեսը Ճապոնիայում է, քանի որ ճապոնացիները համերգից մեկ ժամ առաջ գալիս են, որպեսզի ծանոթանան համերգի ծրագրին, բուն համերգի ընթացքում կատարյալ լռություն է, որը նույնիսկ վախենալու է, ստեղծագործության տարբեր մասերի միջև ծափողջույններ չկան... Կուլտուրան այլ է, մի խոսքով:

Ո՞ր կոմպոզիտորների և ո՞ր ստեղծագործություններն ես նախընտրում նվագել:

Ինձ համար շատ հոգեհարազատ է Բեթհովենն` իր ջութակի կոնցերտներով ու սոնատներով, ինչպես նաև Շոստակովիչը: Որպես հայ սիրում եմ նաև Խաչատրյանի գործերը:

Հայաստանից հետո ո՞ր երկրում ես պատրաստվում համերգով հանդես գալ:

Հաջորդ համերգը տեղի կունենա Դանիայում:

Առաջիկայում կա՞ որևէ միջազգային երաժշտական մրցույթ, որին պատրաստվում ես մասնակցել:

Տվյալ պահին ոչ: Ես ընդհանրապես տրամադրված չեմ մասնակցել մրցույթների, որովհետև ժամանակին շատ եմ մասնակցել: Ուղղակի Չայկովսկու անվան մրցույթը միակն էր, որ ցանկանում էի մասնակցել, քանի որ այն մեծ ու հեղինակավոր մրցույթ է: Կրկին շնորհակալություն եմ հայտնում բոլոր քաղաքացիներին, ովքեր մեծ ջանքեր գործադրեցին` այդ մրցույթին իմ մասնակցությունն ապահովելու համար: Հուսով եմ` կհանդիպենք Վերադարձի փառատոնի շրջանակներում: