«Կրեդո» թատրոնը հայ հանդիսատեսի և իր միջև չորրորդ պատ չի զգում

13:55 • 05.10.11

«Հայ Ֆեստ» միջազգային փառատոնի շրջանակում երեկ հայ հանդիսատեսը հնարավորություն է ունեցել դիտելու 30-ից ավելի փառատոնների մասնացած և տասնյակ մրցանակների արժանացած «Հայրիկը միշտ ճիշտ է» ներկայացումը: Տիկնիկային թատրոնի բեմում «Կրեդո» թատրոնի դերասանները ներկայացրել են Հանս Քրիստիան Անդերսենի հեքիաթի իրենց մեկնաբանությունը:

«Հեքիաթում իրադարձությունները բոլորովին էլ ձմռանը չեն զարգանում, ամառային երեկո է, բայց մենք որոշեցինք, որ ավելի լավ կլինի պատմել տաք ձյան մասին պատմություն: Մեր ներկայացման մեջ փորձել ենք առաջին պլան մղել ցուրտ ձմեռը, որը ջերմանում է մարդկային ճիշտ հարաբերություններից»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատմեց «Կրեդո» թատրոնի գեղարվեստական ղեկավար Նինա Դիմիտրովան:

«Հայրիկը միշտ ճիշտ է» ներկայացումը ցուցադրվել է նաև Էդինբուրգի հեղինակավոր փառատոնին և արժանացել հանդիսատեսի ջերմ վերաբերմունքին: Սակայն թատրոնի գեղարվեստական ղեկավարի խոսքով՝ իրեն ամենից շատ դուր է գալիս հայ հանդիսատեսը և ընդհանրապես հայ մարդիկ: «Եթե ուրիշ հանդիսատեսի մասին ասում ենք ուշադիր, ընկալող կամ պարզապես լավ հանդիսատես, հայ հանդիսատեսին կարող ենք բնորոշել որպես շատ ջերմ և հրաշալի: Մեր ներկայացումը ենթադրում է հետադարձ կապ, և ամբողջ ներկայացման ընթացքում զգում ենք, որ մեր միջև չկա չորրորդ պատ: Ձեր բեմերում շատ հեշտ է խաղալ. դա զգացել ենք թե այս, թե անցյալ տարի, և դրա համար շնորհակալ ենք հենց հանդիսատեսին»,- ասաց նա: