Ումից է Յորգանցը գողացել ճկույթիկը

14:43 • 06.10.11

Դեռևս 1990-ականներին Հայաստանում մեծ ճանաչում ձեռք բերած ֆրանսահայ երգիչ Մարթեն Յորգանցի «Ճկույթիկ» երգը, թերևս, շատերն են հիշում: Յորգանցը և այդ երգը ժամանակին այնքան էր գովազդվում, որ պարզունակ կրկներգը մի տեսակ անգիտակցորեն շատերն էին անգիր արել: Երգը տարածում գտավ իբրև Մ. Յորգանցի ստեղծագործություն: Վերջինս էլ թե համերգների, թե հարցազրույցների ժամանակ մշտապես շեշտում էր, թե երգի խոսքերի և երաժշտության հեղինակն ինքն է: Ավելին, 1989թ. հունիսին լույս տեսած «Ծիծեռնակ» ամսագրում տպագրված «Ճկույթիկ» երգի տակ Մ. Յորգանցը մակագրել էր իր անուն-ազգանունը:

«Երբ տարիներ առաջ առաջին անգամ Մարթեն Յորգանցը Հայաստանում էր, հայրս պատահաբար նրա կատարմամբ լսում է «Ճկույթիկ» երգըև շատ է վրդովվում, որ Յորգանցը չէր նշել երգի խոսքերի հեղինակի անունը: Հետո հայրս մտածում է, որ միգուցե նա պարզապես չգիտի, թե ով է երգի բառերի հեղինակը: Իսկ երբ իմացավ, որ Մ.Յորգանցը երգը ներկայացնում է իր անունով, շատ վրդովվեց`մտածելով, որ պետք է ինչ-որ բան անել»,- օրեր առաջ «168 ժամ» թերթի խմբագրությունում պատմել է մանկագիր Պատվական Խաչատրյանի դուստրը`Գայանե Խաչատրյանը: Ըստ նրա` իրականում «Ճկույթը» բանաստեղծություն է, որը ֆրանսահայ երգիչ Մ.Յորգանցը որոշակիորեն փոփոխել է`կրկներգ ավելացնելով:

Դեռևս 1977թ. «Ճկույթը» տպագրվել էր «Ծիծեռնակ» ամսագրում, որտեղ նշվել էր իրական հեղինակի`մանկագիր Պատվական Խաչատրյանի անունը, իսկ 1988թ. առակն ընդգրկվել էր մանկագրի «Բարև արև» բանաստեղծությունների ժողովածուի մեջ: Երգիչը ակնհայտորեն խախտում է մանկագրի հեղինակային իրավունքները: Այս խնդրին ժամանակին անդրադարձել է նաև երգի խոսքերի իրական հեղինակը`1991թ. գրած «Օրը ցերեկով» ռեպլիկի մեջ: Ընդ որում`մանկագրի դուստրը ռեպլիկը գտել էր այն ժամանակ, երբ ամիսներ առաջ ՀՀ Սփյուռքի նախարարության հրավերով Հայաստանում էր գտնվում Մ.Յորգանցը: «Տարիներ առաջ իմ այս բանաստեղծությունը («Ծիծեռնակ» ամսագիր, 1977թ.N5,), որը 1988-ին վերահրատարակել եմ իմ «Բարի արև» ժողովածուում (էջ 59, «Արևիկ») չգիտես ինչու, ֆրանսահայ երգիչ Մարթեն Յորգանցը հանկարծ համարել է իրենը,և երգ դարձնելով`աջ ու ձախ երգում է`առանց իմ անունը տալու: Այդ երգը լսելիս սկզբում համարյա ուշադրություն չէի դարձնում`մտածելով,որ անունս չտալը երևի թյուրիմածություն է և ի վերջո կճշտվի:

Բայց ահա զարմանքս չափից անցավ, երբ հանկարծ «Ծիծեռնակ» ամսագրի 1989թ. 6-րդ համարում տեսա իմ բանաստեղծությունը,որի վերևում գրված էր`«Երգն ու երաժշտությունը Մարթեն Յորգանցի»,- իր ռեպլիկի մեջ գրել էր մանկագիրը` ավելացնելով,- Ինչպես տեսնում եք, Յորգանցն ընդամենը աղավաղել է մի քանի տող և վերջում`իբրև կրկներգ, խցկել է անիմաստ քառատող, որը ոչ ձևով, ոչ էլ ասելիքով չի մերվում իմ առակի հետ: Մնում է հարցնել, թե հարգարժան երգիչը ինչու է օրը ցերեկով սեփականել իմ բանաստեղծությունը»:

«Ես չհասցրեցի իր հետ հանդիպել: Երբ ես զանգահարեցի իրեն, նա արդեն մեկնել էր: Այդպես էլ չտեսա նրան, բայց կարծում եմ, որ նա արդեն ինչ-որ բան զգում էր, քանի որ վերջին հարցազրույցի ժամանակ երգի մասին չխոսեց, չնայած այն հանգամանքին, որ մինչ այդ միշտ ասում էր, թե Երևանում ով տեսնում է իրեն`«Ճկույթիկ» երգն է հիշում: Իսկ հիմա լռել է, կարծես հասկանալով իրականությունը»,- թերթի զրույցում նկատել է Պատվական Խաչատրյանի դուստրը`Գայանե Խաչատրյանը:

Վերջինս չի պատրաստվում դատի տալ Մ.Յորգանցին, պարզապես, ցանկանում է վերականգնել հոր`տարիներ շարունակ ոտնահարված հեղինակային իրավունքները: Գ.Խաչատրյանի փոխանցմամբ`պետք է պարզել նաև, թե ով է երաժշտության հեղինակը:«Յորգանցը ինչ-որ բաներ յուրացնում է սրանից-նրանից: Չի կարելի այդպես վարվել հեղինակների հետ: Մի երգ, որ ինչպես ինքն ասում է`հիթ է իր համար:

Եթե Ֆրանսիայում նման բան պատահեր`նա հսկայական տուգանքներ կվճարեր: Բայց դա խոսում է մարդու բարոյական նկարագրի մասին,- ասել է Գ.Խաչատրյանը` նշելով, որ շուտով պետպատվերով հրատարակելու է «Ճկույթ» վերնագրով բանաստեղծությունների ժողովածուն: «Հայրս տանջվում էր Յորգանցի այդ քայլի համար»,- ավելացրել է նա`ցավով նշելով, որ հայրը 5 տարի առաջ հրաժեշտ է տվել երկրային կյանքին`այդպես էլ չտեսնելով իր հեղինակային իրավունքների վերականգնումը: