Փորձը ցույց ա տալիս, որ մի վատից հետո ավելի վատն ա գալիս. Ռուբեն Հախվերդյան
Երգահան Ռուբեն Հախվերդյանն, «Ուրվագիծ» հաղորդմանը հյուրընկալվելով, խոսեց արվեստի ու քաղաքականության, կանանց ու կարգախոսների մասին։
Ըստ նրա՝ կարգախոսներն ու կոչումները խորհրդային կարգերի մնացորդներն են, որ անբնական «իդիոտիզմ» են, իսկ եթե ընկալվում են՝ որպես փոխաբերական իմաստակիր, ուրեմն «փոխաբերական իդիոտիզմ են»։ «Պլակատային հայրենասիրությունը ոչ մեկի պետք չի. էդ նույնն ա, որ ասեն՝ Ամերիկայի միացյալ նահանգների ժողովրդական արտիստ Ռեյ Չարլզ»,- ասաց նա։
Անդրադառնալով պատասխանատվության մասին հարցին՝ երգահանն ասաց. «Սկզբում մորիցս էի վախում, հետո՝ կնոջիցս, աղջիկներիցս, հիմա էլ՝ թոռնուհուցս. ասում եմ՝ արի պաչիկ անեմ, ասում ա՝ ինչքան փող կտաս։ Այ սա նոր մտածողությունն ա»,- ասաց նա։ Հայաստանի միակ լուսավոր կետը, որ դեռ կա, երգահանի հայացքով, հայոց «գեղեցիկ տիկնայք» են։
Ռուբեն Հախվերդյանը շարունակում է ստեղծագործել՝ իր երգերով տալով իրեն ուղղված հարցերի պատասխանները, իսկ «ամենակարևոր բանը լեզվամտածողությունն ու լեզուն պահպանելն ա»։ Հիմա նա աշխատում է երկու ձայնասկավառակի վրա՝ մեկը պատերազմի ու նրա հետևանքների մասին է, մյուսը՝ վերջին շրջանի լավագույն երգերի ընտրանին։
Արտաքին քաղաքականության մեջ Հայաստանը համարելով Ռուսաստանի հարավային նահանգը՝ Ռուբեն Հախվերդյանը կարծիք հայտնեց, որ ներքին որոշումներում, «ամեն դեպքում, ցավոք սրտի, անկախ ենք»։ Սակայն այստեղ էլ, ըստ նրա, իրականացվում է ապաշնորհ քաղաքականություն։ «Էրկու տարի՝ գոնե, չթողեցին գյուղացին շունչ քաշի, բերք ստանա։ Դանակը դրին կոկորդին, խեղդեցին։ Հիմի հեկտարներով լիքը իշխանավոր հողերն առել, իշու պես չգիտեն՝ ինչ անեն դրանց հետ,- ասաց նա։- Ես մի քիչ կոմունիստ եմ, էլի, էդ առումով։ Գոնե եթե վատ էինք ապրում՝ մի քիչ հավասար վատ ապրեինք, էլի։ Թե չէ մեր բնակչության 80%-ը ոնց որ բանտում ապրի, էն 20%-ն էլ՝ էդ բանտի վերակացուները լինեն»։
Ինքն այդ ամենը տեսնելով՝ պայքարի դուրս չի գալիս, քանի որ «փորձը ցույց ա տալիս, որ մի վատից հետո ավելի վատն ա գալիս»։ Եվ երգահանը հաղորդումը եզրափակեց բացականչությամբ. «Փառք մեր կառավարությանը»։










