Ես չեմ ընդունում «նման երգի» գաղափարը՝ երգերը պիտի տարբեր լինեն. Ֆորշ
«Ես միշտ նախընտրել եմ կենդանի երգելը. եթե մարդը գալիս ա քեզ լսելու, պիտի ինչ-որ էմոցիա տաս, հույզ փոխանցես»,- ասաց երգիչ Ֆորշը Հ1-ի «Բարև, մենք ենք» հաղորդման հյուրասրահում նշելով, որ համերգներին ոչ կենդանի երգելն անազնվություն է հանդիսատեսի նկատմամբ։
Ֆորշը պատմեց, որ իր «Հենց այսպես էլ ապրում ենք…» երգը արարվել, «ինքնաբերաբար եկել» է՝ որպես խոհ ընկերների մասին։ «Սկզբում կրկներգ չկար։ Երբ եկավ գործիքավորման պահը, Արա Թորոսյանի հետ էինք անում, ասեց. «Շատ լավ ա, բայց մի բան պակաս ա»։ Կրկներգի գաղափարը եկավ երգի կառուցվածքից՝ թե ինչի՞ համար ա էդ ամեն ինչը ասվում՝ էս մեկն էս ա անում, էն մեկը, էն։ Ի վերջո՝ նրա համար ա, որ հենց էսպես էլ ապրում ենք մեր սիրած թատրոնում»։
Ինչու չեն արարվում նման երգեր հարցին ի պատասխան՝ Ֆորշն ասաց. «Ընդհանրապես, ես չեմ ընդունում «նման երգի» գաղափարը։ Երգը մի հատ ա լինում. երգերը տարբեր պետք ա լինեն»։
Ֆորշի սիրելի Երևանը «շատ է փոխվել, և փոխվել է՝ նաև դեպի լավը»։ «Շատերը դժգոհում են, թե սրճարանները շատացել են, էհ, ամբողջ Փարիզը սրճարան ա, թող շատանան,- ասաց նա։- Բայց իհարկե կառույցներ կան, որ շատ գեղեցիկ և գրագետ են մատուցված՝ որպես ճարտարապետական արժեք, և կողքին ինչ-որ շինություն՝ ընդհանրապես կապ չունեցող՝ ինչ-որ ապակիներից, բաներից… էդ էլ թող լինի, բայց թող իր տեղում լինի»,- նշեց երգիչը։
Նա լավատես է. վստահ է, որ ժամանակը նաև այդ խնդիրն է լուծելու՝ ընտրելով վատը լավից։ «Վարպետ Քոչարը, երբ տեղադրեց Վարդան Մամիկոնյանի արձանը, չընդունվեց, բայց հիմա դարձել ա Երևանի սիմվոլներից մեկը»,- ասաց նա։
Որոշ ստեղծագործություններ Ֆորշի ընտանեկան աշխատանքի արդյունքն են։ Իր որդին այս տարի ավարտելու է Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի հարվածային բաժինը (դաշնամուրայինն արդեն ավարտել է), պատրաստվում է Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ընդունելության քննություններին. ցանկանում է ռեժիսոր դառնալ։
Արվեստի ոլորտի իրական ներկայացուցիչ երգիչ Ֆորշն արթնանում է մինչև ժամը 16:00-ը, հազվադեպ՝ «վաղ առավոտյան՝ ժամը 10:00-ին»։ Իրեն համարում է գնահատված և նշում. «Գնահատված լինելը հաճելի է, բայց դրան սպասելը սխալ է։ Իմ մոտ դա այդպես է. գնահատված լինելը ոչ մի դեր չի խաղում»։










