Չկա մի մարդ, որին փողոցում ասեն «Կուզեի՞ր դերասան դառնալ» ու նա մերժեր. հրավիրում են, մարդիկ էլ գնում են. Աշոտ Ղազարյան
Հայ երիտասարդները ամեն բնագավառում են լավը՝ թե՛ երգարվեստում, թե՛ թատրոնում, թե՛ սպորտում։ Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց սիրված դերասան Աշոտ Ղազարյանը։
«Այսօր շատ են ասում՝ «Հիմա երիտասարդություն չկա», կամ «Սերունդը լավը չի», կամ «Ո՞ւր է Հայաստանում երգիչ»: Իսկ ի՞նչ է, երգիչ չկա՞ Հայաստանում: Վա՞տ երգիչներ են Էրիկը, Սոնա Շահգելդյանը, Մհերը, Լիլիթ Հովհաննիսյանը։ Ես չեմ խոսում կայացած երգիչների՝ Շուշանի, Արամոյի, Անդրեի մասին: Հրաշք երգիչներ ունենք. նրանք են մեր ապագան, պիտի հպարտանանք նրանցով»,- ասաց դերասանը՝ ընդգծելով, որ ամեն ինչ այդ երգիչներն իրենք են անում՝ իրենց ուժերով: «Սա էլ հո վերևից զանգելով չի՞։ Ինչքան էլ զանգեն, իրենց տեղը հո չե՞ն երգի կամ խաղա։ Ես ուղղակի սրտանց կուզեի, որ մեր ժողովուրդը միշտ ձգտեր, չհոգներ, ու լավ ապրեր, որովհետև կյանքը մի անգամ է տրվում, պետք է հասցնել վայելել այն»,- նշեց Աշոտ Ղազարյանը:
Անդրադառնալով այն հանգամանքին, որ վերջին շրջանոմ հեռուստաեթերում հայտնվել են մեծ թվով նորահայտ դերասաններ, որոնք հաճախ մասնագիտական կրթություն չունեն՝ Աշոտ Ղազարյանը կարծիք հայտնեց, որ այս պարագայում դերասանը մեղավոր չէ: «Բոլորին էլ հաճելի է ճանաչված լինելը: Չկա մի մարդ, որին փողոցում ասեն «Կուզեի՞ր դերասան դառնալ» ու նա մերժեր: Հրավիրում են, մարդիկ էլ գնում են: Եթե հարմար են գտնում, թող անեն: Իրենք՝ իրենց շուկան: Ով ուզում է նայել, թող նայի, ով չի ուզում, թող ուղղակի փոխի հեռուստաալիքը: Անձամբ ես դիտում եմ այն, ինչ ինձ դուր է գալիս, եթե ոչ՝ նստում եմ, խելոք գիրք եմ կարդում: Ես՝ իմ գործը»,- ասաց դերասանը։










