Պարը իմ մի կտորն ա. Դավիթ Կարապետյանը ելույթ կունենա՝ որպես ԱՄՆ առաջին պրոֆ. թատրոնի մենապարող

01:00 • 09.10.11

Համերգներով Լոս-Անջելեսում է Սան-Ֆրանցիսկոյի բալետային թատրոնը. այն համարվում է ԱՄՆ-ում առաջին պրոֆեսիոնալ բալետային թատրոնը։ Լոս-Անջելեսում՝ որպես մենակատար, հանդես է գալու Դավիթ Կարապետյանը, ով արդեն վեց տարի է, ինչ պարում է այս խմբում։ Այս մասին հաղորդեց «Շանթ» ՀԸ-ի «Հորիզոն» լրատվականը։

Դավիթ Կարապետյանին համարում են ԱՄՆ լավագույն պրոֆեսիոնալ բալետային պարողներից մեկը։ «Պարը իմ մի կտորն ա, որ ինձնից չեմ կարող առանձնացնել»,- ասել է նա։ «Հիանալի դերասանի վարպետություն», «հարուստ ու գունեղ ներաշխարհ», «նրա ցատկային տեխնիկան զարմանալի է, իսկ պտույտներն՝ անթերի», «Դավիթ Կարապետյանն ուղղակի ապշեցուցիչ է»,- գրում են Ամերիկայի առաջատար թերթերը։

«Չես կարա բավարարվես ու նստես տեղդ ու ասես վերջ. ինձ համար աճելը միշտ կլինի, մինչև որ պարելը վերջացնեմ»,- ասել է մենապարողը՝ մարդկային զարգացման երաշխիքը բոլոր ոլորտներում համարելով զարգացման ձգտումը։