Մոսկվայում ներկայացվեցին ֆիլմեր Ներսես Հովհաննիսյանի և Ալբերտ Յավուրյանի մասին
Մոսկվայում հայ հանդիսատեսին ներկայացվել են ֆիլմեր կինոռիժիսոր Ներսես Հովհաննիսյանի և կինոօպերատոր Ալբերտ Յավուրյանի մասին։ Վավերագրական ֆիլմերի հեղինակն է երիտասարդ ռեժիսոր Էդուարդ Համբարձումյանը։ Այս մասին հաղորդեց «Հորիզոն» լրատվականի Մոսկվայի թղթակիցը։
Այս երկու կինոգործիչների ստեղծագործություններից արդի հայը մեջբերում է առատորեն, մինչդեռ իրենց կերպարները լայն հասարակության համար մնացել են անհայտ։ Ներսես Հովհաննիսյանի առավել սիրված ֆիլմերից են «Հարսնացուն հյուսիսից», «Օտար խաղեր» ու «Երջանկության մեխանիկա» ժապավենները, որոնք արտացոլում են հեղինակի բարի ու խոհուն բնավորությունը։
Բեմադրող, կինոօպերատոր Ալբերտ Յավուրյանը հայտնի է եղել իր եռանդուն, դադար ու դանդաղկոտություն չհանդուրժող բնավորությամբ. նրա յուրօրինակ ձեռագիրն են կրում բազմաթիվ հայկական ֆիլմեր։
«Սա հերթական պրեմիերա չի, սա թանկագին արխիվ է մեզ համար՝ ոչ միայն կինոյի, այլև՝ հիշողության, մի տեսակ հիշողության մատյաններ են սրանք»,- ասել է ռեժիսոր Լևոն Գրիգորյանը։
ՌԴ վաստակավոր գործիչ, կինոօպերատոր Վլադիմիր Պապյանը նշել է. «Յավուրյանին ես գիտեի վաղուց, և նա իրականում այնպիսին էր, ինչպիսին տեսանք [իր մասին ֆիլմում]. և պետք է շնորհակալ լինենք, որ այսօր մեզ նվիրեցին Ներսեսին ու Յավուրյանին»։










