Այդ բառերը կիրառելն անարգական է և խարխլում է մեր ազգային անվտանգությունը. լեզվաբաններ
Թուրքական անվանումներն ու օտարաբանությունները հայոց լեզվում կիրառվում են լայնորեն. դրանք երգերի անվանումներում են (ջեյրանս, հալալ արա, հարամ եղավ, ջան, մարալ և այլն), դրանք տեղանուններ են և մեծապես կիրառվում են արդի հայ խոսքում։ Թեմային անդրադարձել է «ԱՐ» հեռուստաընկերության «Ազդարար» հաղորդումը։
Գեղակե՞րտ, թե՞ Սամաղար. ինչպե՞ս է կոչվում այս գյուղը։ Գյուղացիները ներկայանում են երկու ձևով էլ՝ գեղակերտցի, սամաղարցի։ Տարիներ առաջ Հովհանես Սահակյանը, երբ գյուղխորհրդի նախագահ էր, առաջարկել էր Սամաղարը փոխարինել Գեղակերտով։ Գերագույն խորհուրդը հաստատել էր, սակայն գյուղացիներին դուր չէր եկել։ Գյուղն անվանափոխվել էր չորս անգամ և հիմա կոչվում է Գեղակերտ։ Ըստ գյուղի բնակիչ Գուսան Ռուբենի՝ Սամաղար նշանակում է «բամբակագործ և եղեգնուտի թավուտ վայր»։ Հիմա «Գեղակերտ» ցուցատախտակը գյուղապետարանի պատին է, իսկ «Սամաղարը»՝ բոլոր փաստաթղթերում, բնակիչների անձնագրերում ու ծննդականներում։
«Կարող է արտաշատցիներն էլ ուզեն Ղամարլու դնեն, Արարատցիները՝ Դավալ, մյուսները՝ Սուխոյ ֆանտան»,- ասել է ԵՊՀ հայոց լեզվի ամբիոնի վարիչ Ռուբեն Սաքապետյանը։ Ըստ նրա՝ այսօր Ադրբեջանում բազմաթիվ ատենախոսություններ են պաշտպանվում, թե ինչպես են Հայաստանում «բնիկ թուրքական» գյուղերը վերանվանվում։
Անդրադառնալով դեռևս պահպանվող բազմաթիվ թուրքերեն հիմքով տեղանուններին՝ նա ասել է. «Հիմա մենք, ի՞նչ, իրենց ջրաղացի՞ն ջուր լցնենք»։ Թուրքական տեղանուններ կիրառելը, Սաքապատեյանի կարծիքով, «վիրավորական, անարգական է»։
Գրող Հովիկ Հովեյանի կարծիքով. «Դրանք խարխլում են մեր ազգային անվտանգությունը»։ Իսկ նման իրավիճակի պատճառը, գրողի կարծիքով, պատասխանատուների անպատասխանատու վերաբերմունքն է։ «Նրանք, ովքեր պիտի զբաղվեն անվանափոխություններով, լրջորեն չեն վերաբերվում իրենց գործին։ Ինչի՞ պիտի մնա, օրինակ, Ալլահվերդի. մի քանի մարդ, ասենք, դեմ են, նրանք կսովորեն։ Ինչի՞ պիտի ասեն՝ գնանք Ալլահվերդի խնձոր բերենք»,- նշել է նա։










