«Ես ամեն տեսակ մյուզիք կսիրեմ ընել». Սերժ Թանկյան
Աշխարհահռչակ ռոք-երաժիշտ, բանաստեղծ, կոմպոզիտոր և հասարակական գործիչ Սերժ Թանկյանն առաջին մասնագիտությամբ մենեջմենթի մասնագետ է։ Ծնվել է Բեյրութում, ապրում և աշխատում է ԱՄՆ-ում, 44 տարեկան է, ամուսնացած չէ։ «Շանթ» հեռուստաընկերության «Աշխարհի հայեր» հաղորդումը ներկայացրել է նրան։
«Ես ամեն տեսակ մյուզիք կսիրեմ ընել,- ասաց նա,- հիմա չորս տարբեր րեքըրդի [ձայնագրության] վրա կաշխատիմ՝ մեկ հատը ռոք ա, մեկ հատը՝ առաջին քլեսիքըլ սիմֆընիս նոր գրեցի, մի հատ ջազ և մի հատ էլեքթրոնիք րեքըդի վրա սկսա աշխատիլ»,- ասաց նա։
Ավանդական հարդ-րոք, պրոգրեսիվ մետալ, դասական ջազ, ժամանակակից էլեկտրոնային, ակադեմիական սիմֆոնիկ և հայ ժողովրդական երաժշտությամբ զբաղվելուն զուգընթաց նա հրատարակել է բանաստեղծությունների երկու ժողովածու, համակարգչային ծրագրերում մասնագիտացած «Ուլտիմատ սըլյուշն» ընկերության և «Սերժիքլ սթրայք րեքըդս» ընկերությունների սեփականատերն է, իրավապաշտպանական և բնապահպանական գործունեություն է ծավալում համագործակցելով «Գրին փիս»-ի հետ։ Նա հիմնադրել է «Արդարադատության առանցք» կազմակերպությունը։
1994թ իր նախաձեռնությամբ ձևավորվել է աշխարհահռչակ «System of a Down» խումբը։ 1998թ թողարկված առաջին իսկ ձայնասկավառակը տպագրվել է միանգամից միլիոնանոց տպաքանակով։ Հայկական ռոք թիմը 9 տարվա ընթացքում ներկայացրել է՝ 5 ալբոմ, և բոլորն էլ դարձել են պլատինե։ Նշվում է, որ նման հաջողություն կարողացել էր արձանագրել միայն «Բիթլզ»-ը։
Երաժիշտ է նաև նրա հայրը՝ Խաչատուր Թանկյանը, պապիկը եղել է աշուղ, Սերժ Թանկյանը նրա երգերը չի կարողանում գտնել։ Նա նաև չի կարողանում կազմել իր տոհմածառը, քանի որ «ծառի ճյուղերը ամեն կողմե կտրտված ա՝ մինչև մեծ մայրիկս կրնամ»։
«Ամերիկային մեջ Օբաման ասում է «Մեծ Եղեռն», չի կարող օգտագործածել «Genocide» բառ, բայց մենք օգտագործում ենք և պիտի երգենք դրա մասին»,- ասել է Սերժ Թանկյանը։










