Երգչուհի Մարիի առաջին՝ «Dream» ձայնասկավառակը կթողարկվի երկու օրից

02:56 • 12.10.11

Երգչուհի Մարիի առաջին ձայնասկավառակի շնորհանդեսը կկայանա հոկտեմբերի 14-ին։ «էս ձայնասկավառակին շատ-շատ եմ սպասել։ Երգչի համար առաջին ձայնասկավառակը շատ կարևոր է»,- ասաց Մարին՝ Հ1 ՀԸ-ի «Բարև, մենք ենք» հաղորդման տաղավարում։

Այս ձայնասկավառակն ամփոփում է Մարիի շուրջ տաս տարվա ստեղծագործական աշխատանքը։ «Կա երգ, որ ես երգել եմ ինը տարեկանում, և կան երգեր, որ դեռ չեն լսվել»,- ասաց նա։

Ձայնասկավառակը կոչվում է «Dream»՝ ըստ այն երգի, որ նա երգել է տաս տարեկանում։ Մարին նշեց, որ թե երգը, թե դրա հիման վրա նկարահանված տեսահոլովակը, և թե իր առաջին ձայնասկավառակը նվիրված են իր ուսուցչուհու՝ Վարդուհի Վարդանյանի հիշատակին։

Ձայնասկավառակում ընդգրկված երգերի հեղինակներից են Մանե Հակոբյանը, Ավետ Բարսեղյանը, Անիտա Հախվերդյանը, Վահրամ Պետրոսյանը։ Գործիքավորումներն արվել են Հայկոյի, Մուրզոյի, Բղդեի կողմից։

Մարին սովորում է Երևանի՝ Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի երկրորդ կուրսում։ «Ես ամեն ինչ անում եմ, որ բացակայություններս քիչ լինեն»,- ասաց նա՝ խոստովանելով, որ վերջին շրջանում ձայնասկավառակի լույսընծայման աշխատանքների հետ կապված շատ-շատ է բացակայել։

Երգչուհին նաև սիրում է ակտիվորեն մասնակցել հասարակական աշխատանքներին։ Նա ընդգրկված է ուսանողական խորհրդում և մշակութային հանձնաժողովի փոխնախագահն է։ «Շատ ակտիվորեն կազմակերպում եմ մշակութային միջոցառումները՝ նախագահի հետ, ով իմ ընկերուհին է։ Ակտիվ եմ՝ և համալսարանում, և համալսարանից դուրս»,- ասաց Մարին։