Հայաստանի ֆիլհարմոնիկը հայ մշակույթի դեսպանն է աշխարհում. Քրիստոֆեր Ուորեն-Գրին

03:00 • 12.10.11

Այսօր Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը կամփոփի Երևանյան 5-րդ միջազգային երաժշտական փառատոնը: Եզրափակիչ համերգը կկայանա Արամ Խաչատրյան համերգասրահում: Փառատոնի եզրափակիչ համերգում ելույթ կունենա Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը, համերգը կղեկավարի բրիտանացի դիրիժոր Քրիստոֆեր Ուորեն-Գրինը, կհնչի Բեթհովենի դաշնամուրի կոնցերտը, իսկ որպես մենակատար՝ հանդես կգա դաշնակահար Եվգենի Սուդբինը:

Ըստ Հ1 ՀԸ-ի «Առաջին լրատվական»-ի՝ մեծանուն խմբավարը նշել է, որ Հայաստանի ֆիլհարմոնիկը հայ մշակույթի դեսպանն է աշխարհում։

Հիշեցնենք, որ ավելի քան մեկ ամիս առաջ մեկնարկած Երևանյան 5-րդ միջազգային երաժշտական փառատոնը նվիրված է Անկախության 20–ամյակին և ՀՊՖՆ 85–ամյակին։ Փառատոնի շրջանակում կայացած սիմֆոնիկ և կամերային երաժշտության համերգներին ներկայացվել են համաշխարհային դասական երաժշտարվեստի լավագույն ստեղծագործությունները։