Թբիլիսիում տեղադրվեց «Միմինո» ֆիլմի հերոսների և ռեժիսորի հուշարձանը (լուսանկարներ)

23:45 • 14.10.11

Թբիլիսի քաղաքի պատմական կենտրոնում` Հավլաբար թաղամասում տեղի ունեցավ Գեորգի Դանելիայի «Միմինո» ֆիլմի հերոսների և անձամբ ռեժիսորի հուշարձանների բացման հանդիսավոր արարողությունը։ Այս մասին հաղորդում է РИА Новости գործակալությունը:

Հուշարձանախմբի հեղինակը հայտնի քանդակագործ Զուրաբ Ծերեթելին է: Բրոնզե քանդակներով ներկայացված են ֆիլմի լեգենդար հերոսներ` օդաչու Վալիկո Միզանդարին (Վախթանգ Կիկաբիձե), Ռուբիկ Խաչատրյանը (Ֆրունզիկ Մկրտչյան) և Իվան Վոլոխովը (Եվգենի Լեոնով): Կոմպոզիցիայի չորրորդ կերպարը ֆիլմի ռեժիսորն է`Գեորգի Դանելիան:

Ծերեթելիի այս հուշարձանը դեռ 4 տարի առաջ նախատեսվում էր կանգնեցվել Մոսկվայում` ֆիլմի 30-ամյակի առիթով, սակայն դա տեղի չունեցավ: Արդյունքում «Միմինոյի» բրոնզյա հերոսները տեղափոխվեցին Թբիլիսի:

«Հուշարձանը կանգնեցված է հենց այն վայրում, որտեղ այն պետք է լիներ, այսինքն այս հին թաղամասում` Հավլաբարում: Ես երջանիկ եմ, որ այսօր այսքան մարդիկ են հավաքվել: Շատ ափսոս, որ Եվգենի Լեոնովը և Ֆրունզիկ Մկրտչյանն արդեն չեն կարող մեզ հետ լինել», - հուշարձանի բացման արարողությանը հայտարարել է Կիկաբիձեն:

Բացման արարողությանը ներկա են եղել հարյուրավոր մարդիկ՝ Վրաստանի առաջին տիկին Սանդրա Ռուլովսը, քաղաքի ղեկավարությունը, պատգամավորներ և հյուրեր Հայաստանից, Բելոռուսից, Ուկրաինայից ու Լիտվայից: