Կին-տղամարդ հարաբերությունների «Խանգարող հանգամանք»-ը կներկայացնի Սերգեյ Դանիելյանը

01:39 • 15.10.11

Դերասան Սերգեյ Դանիելյանը ներկայացնում է նոր՝ «Խանգարող հանգամանք» բեմադրությունը. պրեմիերան կկայանա այսօր երեկոյան «Կամերային երաժշտության տանը»։ Այս մասին «Կենտրոն» ՀՏ-ի «Ուրվագիծ» հաղորդման ուղիղ եթերում նշեց ինքը՝ սիրված դերասանը։

Նոր ներկայացումը շարունակում է «Ինչպես ես դարձա տղամարդ» բեմադրությունը, քանի որ, ըստ դերասանի, այն մեկուկես ժամում չէր հասցնում բացել կին-տղամարդ թեման այնքան, որքան կցանկանային։ Ներկայացումը սեռային հարաբերությունների և դրանց խանգարող հանգամանքների մասին է։ Հրավիրվում են 15-ից 45 տարեկան երեխաները. «դրանից փոքր երեխաների լեզուն ես չեմ հասկանում, դրա համար չեմ թողնում իմ ներկայացումներին գան»,- ասաց դերասանը։

Հերթական անգամ ընդհատելով հաղորդավար Պետրոս Ղազարյանին՝ նա նշեց. «Եթե դուք լսեք ինձ, նաև հետաքրքիր կլինի մեր զրույցը»։

Սերգեյ Դանիելյանը չի զբաղվում քաղաքականությամբ, իրեն հետաքրքրում են սոցիալական խնդիրները։ «Ես միշտ արել եմ էն, ինչ ուզել եմ, ես ոչ մի բան չեմ անում, որ ադապտացիա լնեմ։ Ես չեմ խոսել ցեղասպանության մասին, որ լացեն։ Ես խոսել եմ կին-տղամարդ հարաբերությունների մասին. իսկ դա առաջին հերթին սեքսն ա, ես չեմ վախեցել եմ էդ բառից։ Ես չեմ պատրաստվում ինչ-որ բան փոխել, որ ինչ-որ մեկին հաճոյանամ։ Ես չեմ քանդում արժեքներ, ես ասում եմ այն, ինչ մտածում եմ։ Ինչ որ պիտի քանդվի, քանդվում ա»,- ասաց նա։

Պատասխանելով բանակում հերթական սպանության մասին հարցին՝ դերասանն ասաց, որ ցավակից է ամեն նման դեպքի, զինվորի ամեն հարազատի՝ նշելով, որ ամեն անգամ, որ նման բան է լսում, իր վրա է վերցնում։ «Բանակի քեֆ ես արել, հիմա էրեխուդ դագաղն են բերում։ Էդ ամենաահավորն ա. ես որ նախարար լինեի, ինքնասպան կլինեի, հաստատ,- ասաց դերասանը,- չէ, ես կոչ չեմ անում, որ ինքնասպան լինեն, ես… ես ուղղակի չգիտեմ, իրոք, չգիտեմ՝ ինչ ա պետք անել»։ Ըստ նրա՝ խնդիրն անկրթությունն է, որ ոչ միայն բանակում է, այլև՝ մեր կյանքի ամեն հատվածում՝ նույնիսկ գիտական ոլորտում։

«Բանակն էլ հո օդի՞ց չի իջել, հո Մարսի՞ց չի եկել, մեզնից ա դուրս եկել։ Վերցրել ենք ռուսական բանակի «պանյատի» սիստեմը՝ «չմարիտ» անելու»,- ասաց Սերգեյ Դանիելյանը՝ օրինակներ բերելով իր ծառայությունից։ Նա պատասխանատու է համարում սպայակազմին. «18-20 տարեկան լակոտի վրա եթե չեղավ կանտրոլ, կամ պլան ա ծխելու, կամ ընկերոջ հետ ա կենակցելու… տարիքն ա տենց։ Կանտրոլ ա պետք. եթե աֆիցերը չեղավ մարդ, իսկ որ աֆիցերը մարդ կլինի, հույսը 1% ա…»։