Թբիլիսիում «Միմինոյի» հուշարձանի բացումը տուրուդմփոցով է ավարտվել

19:58 • 15.10.11

Երեկ Թբիլիսիի կենտրոնում տեղի ունեցավ Գեորգի Դանելիայի «Միմինո» ֆիլմի հերոսներին նվիրված հուշարձանի բացումը։

 Ինչպես հաղորդում է ռուսալեզու specletter.com կայքը, բացման արարողությանը հարյուրավոր մարդիկ են ներկա գտնվել, այդ թվում՝ Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կինը՝ Սանդրա Ռուլովսը, քաղաքի ղեկավարությունը, պատգամավորներ, ինչպես նաև հյուրեր Հայաստանից, Բելառուսից, Ուկրաինայից և Լիտվայից։

Միջոցառումը, սակայն, զերծ չի եղել միջադեպերից. բացմանը ներկա են եղել նաև հուշարձանի հեղինակ Զուրաբ Ծերետելիի «հակառակորդները», որոնք պաստառներ են պարզել «Զուրա, stop» վերտառությամբ։ Նրանք հայտարարել են, որ իրենց դուր չի գալիս ինչպես քանդակագործն, այնպես էլ հուշարձանը։ Նրանց այդ ակցիան ի վերջո տուրուդմփոցի է վերածվել։