«Ոսկե ծիրանը» ստեղծում է կինոմթնոլորտ. ուսանողները կդիտեն լավագույն ֆիլմերի ընտրանին

17:40 • 17.10.11

«Ոսկե ծիրան» կինոփառատոնը շարունակում է ցուցադրել համաշխարհային կինեմատոգրաֆիայի լավագույն ֆիլմերը: Ոսկե ծիրանի» և «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի նախաձեռնությամբ Gaudeamus ուսանողական փառատոնի շրջանակում երևանյան 6 բուհերի ուսանողները հնարավորություն կունենան դիտելու «Ոսկե ծիրանի» բոլոր տարիներին ցուցադրված լավագույն ֆիլմերի ընտրանին:

«Ընտրությունը կատարել ենք այնպես, որ մեր ուսանողները հնարավորություն ունենան դիտելու ամենաուսուցողական, տարբեր մշակույթներն արտացոլող և բարձրակարգ ֆիլմերը: Վստահ եմ, հաջորդ տարի մեզ հետ համագործակցել ցանկացող բուհերի թիվը կկրկնապատկվի, անգամ կեռապատկվի, ինչի համար մենք միայն ուրախ լինենք»,- նշեց «Ոսկե ծիրանի» նախագահ Հարություն Խաչատրյանը։ Նա կարևոր համարեց նաև այն, որ «Ոսկե ծիրանը» ոչ միայն ֆիլմեր է ցուցադրում, այլև ստեղծում է կինոմթնոլորտ, որը շատ կարևոր է հատկապես երիտասարդների համար:

Կինոյի և թատրոնի ռեկտոր Արմեն Մազմանյանը նույնպես կարևոր համարեց «Ոսկե ծիրանի» այս նախաձեռնությունը և ընդգծեց, որ ինքը համոզված է՝ իր ղեկավարած բուհի ուսանողների մոտ մեծ արձագանք կգտնի համաշխարհային լավագույն ֆիլմերի ամենշաբաթյա ցուցադրությունը և կդառնա յուրօրինակ վարպետության դասընթաց։