Հայկական ռոք խմբերը բարեգործական համերգ կտան
«ՄամաՍյու» բարեգործական հիմնադրամը նոյեմբերի 14-ին` ժամը 19:00-ին, Երևանի Հ. Թումանյանի անվ. Տիկնիկային թատրոնում կազմակերպում է Rock for Life 2 խորագիրը կրող` բարեգործական ռոք-համերգ: Համերգը կվարի DJ Vakcina-ն:
Հանրահայտ Dorians, The beautified project, Lav Eli, Dogma, Whisper հայկական ռոք խմբերի մասնակցությամբ տեղի կունենա թվով երկրորդ բարեգործական ռոք համերգը: Սպասվում է անակնկալ հայկական ռոքի վետերաններից: «Քրիստոնյա սպորտսմենները» կներկայացնեն «Էքստրեմալ ուժային շոու»:
Հիմնադրամի շուրջ հավաքված են հարյուրավոր համախոհներ Հայաստանից, սփյուռքից, ինչպես նաև օտարերկրացիներ, որոնք ՀՀ-ում և արտասահմանում փորձում են օժանդակել հիմնադրամի հիմնադիր Սուսաննա Սեպետչյանի մայրիկին` բուժվելու կրծքագեղձի քաղցկեղից:
Համերգի նպատակն է գումար հավաքել` գնելու ևս մեկ սրվակ դեղորայք` բուժման համար:
Ընդհանուր առմամբ, անհրաժեշտ է 18 սրվակ «Հերցեպտին» դեղորայքից: 3 սրվակի համար գումարն արդեն հավաքվել է նախորդ միջոցառումներից` համերգներ «Դի-Ջեյները կյանքի համար», «Ժողովրդական երաժշտությունը կյանքի համար», «Ռոքը կյանքի համար», ընթրիքներ Փարիզում և Նյու- Յորքում, ցուցահանդես-վաճառքներ, որոնց արդյունքում հավաքվել է 10000$ (1 սրվակ «Հերցեպտինն» արժե 3000$):










