Ջուլիան Բարնսի «Վերջաբանի զգացողությունը»` Բուքերի մրցանակի հաղթող

16:07 • 19.10.11

2011թ. Բուքերի մրցանակը շնորհվել է բրիտանացի գրող Ջուլիան Բարնսին` «Վերջաբանի զգացողություն» վեպի համար: Այս մասին հայտնում է ИТАР-ТАСС-ը:

Բարնսը, որը գրականությունում պոստմոդեռնիզմի հեղինակավոր ներկայացուցիչներից է, երեք անգամ գլխավոր մրցանակի հավակնորդ է եղել: Առաջին անգամ shortlist-ում հայտնվել է «Ֆլոբերտի թութակ» վեպով, երկրորդ անգամ`«Անգլիա, Անգլիա», և երրորդ անգամ` «Արթուր և Ջորջ» վեպով:

2011թ. նրան հաջողություն բերեց «Վերջաբանի զգացողություն» 150 էջանոց վեպը, որը քննադատները ավելի շատ նովել են համարում:

Գիրքը պատմում է Թոնիի մասին. արտաքնապես հասարակ մի մարդ, ով մի օր հանգում է այն եզրակացության, որ նրա հիշողությունները այդքան էլ ճշմարտանման չեն, ինչպես ինքն էր կարծում:

Ժյուրիի նախագահ և բրիտանական MI-5 հետախուզության նախկին ղեկավար Ստելլա Ռիմինգտոնը խոստովանել է, որ «այդ գիրքը, չնայած փոքր չափերին, իր մեջ պարունակում է անհավանականորեն ահռելի բովանդակություն, որը մեկ անգամ ընթերցելով հնարավոր չէ ամբողջովին ընկալել»:

Գլխավոր մրցանակը 50 հազ. ֆունտ է: Shortlist-ի մյուս գրողները նույնպես պարգևատրվել են 2.5 հազարական ֆունտով: