Ախթալայի վանքի վերականգնումը պատրաստ են ֆինանսավորել անհայտ մնալ ցանկացող բարերարները (տեսանյութ)
«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնության անդամները նախօրեին այցելել են Ախթալայի վանք (Լոռու մարզ), որի վանահայր Վիգեն քահանա Ղազարյանը պատմել է վերջերս սրբատեղի այցելած մի խումբ անհայտ մնալ ցանկացող բարերարների կողմից վանքն ու այն շրջապատող պարիսպը վերանորոգելու մտադրության մասին:
Նախաձեռնությունը հիշեցնում է, որ Ախթալան մեկն է քաղկեդոնական շրջանի այն 10 հայկական սրբավայրերից, որոնք յուրացնելու և սեփական պատմությանը վերագրելու փորձեր են անում վրացիները: ««Չենք լռելու»-ն բազմիցս անդրադարձել է այդ խնդրին` նշելով, որ վրաց պաշտոնյաները, եկեղեցապետերն ու մամուլը պարբերաբար անդրադառնում են այդ հարցին` վանքերի բարձիթողի վիճակը դարձնելով հիմնական խաղաքարտ: Հստակ գիտակցելով դա` ոչ Հայ Առաքելական եկեղեցին, ոչ էլ մշակույթի նախարարությունը սրբատեղիների փրկությանն ուղղված գործուն քայլեր չեն ձեռնարկում` ապացուցելու համար, որ հայ ժողովուրդը տե՛ր է քաղկեդոնական շրջանի իր պատմությանը:
Եվ ահա հույս է հայտնվել, որ մեր ժողովրդի պատմության քաղկեդոնական շրջանի այդ հրաշքներից մեկը` Ախթալայի վանքը, կփրկվի բարերարների ուժերով»,- ասվում է նախաձեռնության տարածած հաղորդագրությունում:
Վիգեն քահանա Ղազարյանը «Չենք լռելու»-ի երիտասարդների հետ զրույցում ասել է նաև, որ բարերարները պատրաստակամություն են հայտնել նաև ֆինանսավորելու այլ սրբատեղիների վերանորոգում:
Վանահոր խոսքերով՝ Ախթալայի վանքի վերականգնման ճարտարապետական հարցերի լուծման խնդրանքով երկու շաբաթ առաջ իրենք դիմել են մշակույթի նախարարությանը և այժմ սպասում են պատասխանին: Քահանան հայտնել է, որ անցյալ տարի Երևանից Ախթալա այցելած մասնագետները հավաստիացրել են, որ Սբ. Աստվածածնի գմբեթը հնարավոր է վերականգնել:
«Չենք լռելու»-ն կոչ է անում Մշակույթի նախարարությանը «հնարավորինս զերծ մնալ իրեն բնորոշ բյուրոկրատական քաշքշուկներից և սրտացավ մոտենալ Ախթալայի փրկության հարցին»:
«Միևնույն ժամանակ, պետք է հաշվի առնել, որ Ախթալայի վերականգնման ժամանակ կարող է տեղի ունենալ նույնը, ինչ տեղի ունեցավ Հաղարծինի վանական համալիրի հետ ,
երբ ամբողջովին աղճատվեց նրա պատմական տեսքն ու շունչը: Այս առումով անհրաժեշտ է խստորեն պահպանել նման դեպքերում նախատեսված ճարտարապետական կանոնները»,- ասվում է հաղորդագրությունում:










