Սթիվ Ջոբսի կենսագրականը կարող է տարվա բեսթսելերը դառնալ. Amazon
Հոկտեմբերի 24–ին լույս տեսած ամերիկյան Apple ընկերության համահիմնադիր Սթիվ Ջոբսի առաջին պաշտոնական կենսագրականը կարող է տարվա բեսթսելերը դառնալ։ Այս մասին ասված է աշխարհի խոշորագույն՝ Amazon ինտերնետ-խանութի տարածած հաղորդագրության մեջ։
Ամերիկյան CNN հեռուստաընկերության նախկին գլխավոր տնօրեն Ուոլթեր Այսաքսոնի՝ 650–ից ավելի էջից բաղկացած «Սթիվ Ջոբս» գրքի մանրածախ գինը 35 դոլար է, այդքան արժե նաև գրքի աուդիոտարբերակը։
«Դատելով այն բանից, թե ինչպես է ամեն ինչ ընթանում, Սթիվ Ջոբսի կենսագրականը, ամենայն հավանականությամբ, կդառնա տարվա մեր բեսթսելերը»,–ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ։
«Լինելով Apple–ի հետ կապված ամեն ինչի խանդավառ երկրպագուն, ես սիրում եմ այս գիրքը՝ դեռևս չընթերցած»,– մոտավորապես այսպիսին են կենսագրականի առնչությամբ գրաքննադատների տիպիկ մեկնաբանությունները,–հաղորդում է ռուսական «Ռիա նովոստի» գործակալությունը։
Նրա կյանքի մասին պատմող գրքեր նախկինում էլ լույս են տեսել, սակայն դրանք ոչ պաշտոնական հրատարակություններ են եղել։ Այդ գիրքը ստեղծելու համար Ջոբսը համաձայնել է հեղինակին 40 հարցազրույց տալ, թույլ է տվել շփվել ընտանիքի հետ։ Կենսագրականը բացահայտում է Apple–ի հիմնադիր Սթիվ Ջոսբս անհատի նոր կողմերը, մասնավորապես, ինտերնետում ազատության և գրաքննության հանդեպ նրա հայացքները
«Սա Սթիվ Ջոբսի միակ կենագրականն է, որը բացահայտում է նրան բոլոր առումներով՝ աշխատանքում, անձնական փիլիսոփայության մեջ։ Այս գրքի շնորհիվ, մենք վերջապես հասկացանք, որ Սթիվ Ջոբսը անմահ է դարձել»,– գրել է գրքի առաջին ընթերցողներից մեկը։
Ջոբսը կյանքից հեռացավ հոկտեմբերի 5–ին՝ 56 տարեկան հասակում։ Նա քաղցկեղ ուներ։










