Մոսկվայում շքեղ արարողությամբ վերաբացվում է Մեծ Թատրոնը
Այս պահին Մոսկվայում տեղի է ունենում Ռուսաստանի հոգևոր արժեքների խորհրդանիշ Մեծ Թատրոնի հանդիսավոր վերաբացումը։ Այդ շքեղ մշակութային արարողությունը, որ իրենից ներկայացնում է մի գալա-համերգ՝ կազմված Թատրոնին երբևէ փառք բերած ներկայացումների հատվածներից, ուղիղ եթերով հեռարձակվում է աշխարհի շուրջ 600 կինոթատրոններում։ Այս մասին հաղորդեց «Շանթ» հեռուստաընկերության «Հորիզոն» լրատվականի Մոսկվայի թղթակիցը։
Արարողությանը ներկա լինելու համար հարկ էր հրավիրատոմս ստանալ ՌԴ նախագահի գրասենյակից. վաճառքի հանված փոքրաթիվ տոմսերի գինը հասել է մինչև 1.5 մլն ռուբլի՝ 50 հազար դոլար։
Մոտ 200-ամյա Մեծ Թատրոնի վերանորոգումը սկսվել է 6 տարի առաջ, և արժեցել երկու անգամ ավելի, քան նախատեսված էր՝ 22 մլրդ ռուբլի կամ 735 մլն դոլար։ Արդյունքում կրկնապատկվել է Մեծ Թատրոնի ներքին տարածքը՝ հասնելով 32 հազար ք/մ. իր չափերով այն դարձել է Եվրոպայի ամենախոշոր թատերական շինությունը։ Այն վեց՝ ներքև իջնող հարկ ունի, որտեղ միանգամից մի քանի թատերախումբ կարող է փորձեր անել։ Շինությունն ամրացնելու նպատակով 20մ-ով խորացվել է հիմքը։ Կրճատվել են հանդիսականների տեղերը. նոր աթոռներն ավելի ճոխ ու հարմարավետ են։ Լիովին վերականգնվել է Մեծ Թատրոնի հրաշալի ակուստիկ համակարգը. այն իր լսելիականությունը քիչ-քիչ կորցրել էր մասնակի վերանորոգումների ժամանակ։ Ոսկեզօծ վարագույրը լրացնում է արքայական շքեղությունը։
Ի դեպ, Մեծ Թատրոնում խաղաշրջանը սկսվելու է եկող շաբաթվանից, և երեք-չորս ամիսների տոմսերն արդեն լիովին վաճառված են։










