Մենահամերգի կարգախոսը կլինի ուրախությունը. Արամե

03:10 • 28.10.11

Նոյեմբերի 8-ին մարզահամերգային համալիրում տեղի է ունենալու Արամեի մենահամերգը։ Այն տևելու է մոտ երկու ժամ, 15 երաժիշտներ են աշխատելու Արամեի հետ. նա կատարելու է 24 երգ, որոնցից 20-ը՝ նոր։ Այդ մասին Արամեն պատմեց Հ1 հեռուստատեսության «Բարև, մենք ենք» հաղորդման հյուրասրահում։

Իր նախորդ մենահամերգը եղել է երկու տարի առաջ։ Այս երկու տարվա ընթացքում նա ունեցել է նոր երգեր, տեսահոլովակներ, թողարկվել է իր ձայնասկավառակը։ «Ոչ ոքի հիմա չենք ուզում ոչ մի բանով զարմացնել, պարզապես ես կերգեմ իմ երգերը, նոր երգեր, ժողովրդական երգեր՝ մի քանիսը, չերգված երգեր, որ մինչ այս ոչ մեկը ոչ երգել է, ոչ լսել, ոչ ձայնագրել, և իհարկե, իմ հին, սիրված երգերը»,- ասաց՝ հավելելով, որ ողջ համերգը լինելու է բեմականացված, լուսային հետաքրքիր մտահղացումներով։

«Համերգի կարգախոսը պիտի լինի ուրախությունը՝ լիրիկ սիրային երգերից կլինեն միայն մի քանիսը, պարտերում կանգնած են լինելու, մթնոլորտը՝ պարային»,- նշեց Արամեն։

Այս երկու տարիներին բացի ստեղծագործականից՝ մեծ փոփոխություններ են եղել նաև Արամեի անձնական կյանքում։ Իր միակ սիրելիին Արամեն այլևս չի փնտրում։ «Ես իրեն արդեն գտել եմ»,- ասաց նա։ Ըստ երգչի՝ յուրահատուկ են իր համակիրները, որ ոչ միայն իր հանդեպ սեփականատիրական զգացումներ չեն տածում (ինչպես սովորաբար՝ երգիչների երկրպագուները), այլև հաճախ հարցել են՝ բա ե՞րբ ես գտնելու քո կեսին, մենք ուզում ենք, որ դու երջանիկ լինես։

Արամեն սոցիալական ցանցերում էջեր չունի, այս շփման ձևն իր համար օտար է, իսկ համացանցում բազմաթիվ էջերն իր անունով, իր էջերը չեն. «Հաճախ ինձ ընկերներս էլ հարցնում են՝ բա քեզ բան հարցրի, չպատասխանեցիր, բա էսպիսի բան ասացիր, ասում եմ՝ ես չեմ»։

Պատասխանելով բլից հարցերին՝ նա ասաց, որ միշտ երազել է լավ նկարել՝ չի ստացվել, ցանկացել է լավ դաշնամուր նվագել՝ չի ստացվել։ Իր սիրելի առարկան դպրոցում եղել է ֆիզկուլտուրան, սիրած անուններն են՝ Անի, Աննա, Ռուզաննա, և եթե անմարդաբնակ կղզի ընկնելուց առաջ հնարավորություն ունենար իր հետ երեք բան վերցնել, կվերցներ խմիչք, սանր և ուտելու բան։