Մոսկվայում 6–ամյա վերանորոգման աշխատանքներից հետո վերաբացվեց «Բոլշոյ» թատրոնը

21:20 • 28.10.11

Մոսկվայում 6–ամյա վերանորոգման աշխատանքներից հետո բացվել է Ռուսաստանի «Բոլշոյ» թատրոնը։ Ինչպես հաղորդում է ռուսական Lenta.ru կայքը, այսօր Երևանի ժամանակով ժամը 20։20–ին «Բոլշոյ» թատրոնում գալա համերգ է սկսվել։

Համերգը բացել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը։ Դրանից հետո բեմ են դուրս եկել Պետական ակադեմիական մեծ թատրոնի մեներգիչները՝ բանվորական հագուստով և սաղավարտներով և կատարել են Մ. Գլինկայի  «Իվան Սուսանինը» օպերայից մի հատված։ Երեկոյի ընթացքում բեմ դուրս կգան նաև այնպիսի աստղեր, ինչպիսք են աշխարհահռչակ տենոր Պլասիդո Դոմինգոն, օպերային երգչուհի Վիոլետա Ուրմանան և այլք։

Գալա համերգի բեմադրմամբ զբաղվել է ռեժիսոր Դմիտրի Չերնյակովը։ Երգչախումը հանդես է գալիս Մեծ թատրոնի գլխավոր դիրիժոր, երաժշտական ղեկավար Վասիլի Սինայսկիի ղեկավարությամբ։

Բացման հանդիսավոր արարողության համար, որը հեռարձակվում է նաև աշխարհի 60 երկրների կինոթատրոններում, 120 մլն ռուբլի է հատկացվել։ Այն կարելի է դիտել Ռուսաստանի Առաջին ալիքով, YouTube-ում Մեծ թատրոնի ալիքով և «ՌԻԱ Նովոստի» գործակալության կայքում:

Վերանորգման աշխատանքների վրա 20 մլրդ ռուբլի է ծախսվել։ Դրա արդյունքում թատրոնի տարածքը կրկնակի մեծացվել է, բարելավվել է ակուստիկան, թատրոնը համալրվել է ամենաժամանակակից տեխնիկական սարքավորումներով և այլն։