«Փեսացուն կրկեսից». նոր կոմեդիա՝ հայկական կինոշուկայում
Կայացավ «Փեսացուն կրկեսից» գեղարվեստական ֆիլմի պրեմիերան, որին ներկա էին ֆիլմի դերասանական ու ստեղծագործական կազմը, այլ դերասաններ և հայկական շոուբիզնեսի շատ ներկայացուցիչներ:
Նոր գեղարվեստական ֆիլմի ռեժիսորը Դավիթ Բաբախանյանն է, գլխավոր պրոդյուսերը՝ Ռուբեն Ջաղինյանը, սցենարի հեղինակները՝ Աշոտ Աբրահամյանը, Դ. Բաբախանյանը և Ռ. Ջաղինյանը, մոնտաժի ռեժիսորը՝ Մանվել Հովսեփյանը:
Գլխավոր դերակատարներից Հովհաննես Ազոյանի համար սա իր բարդ կերպարներից է եղել, երբ պահանջվում էր ամեն մի ժեստի վրա լուրջ կենտրոնացում.«Արտասահմանյան չափանիշներին համապատասխան, ուրախ ֆիլմ է, որտեղ իրադարձությունները արագ են զարգանում, ես էլ նկարահանումներից մեծ բավականություն եմ ստացել՝ անմիջական շփում ունենալով օձի և Միկկի կապիկի հետ»:
«Փեսացուն կրկեսից»-ում նկարահանվել է նաև անվանի դերասան Սերժ Ավետիքյանը, ով իր խոսքում նշեց, որ սցենարը կարդալուց հետո միանգամից համաձայնել է նկարահանվել ֆիլմում.«Հիմա մեր երկրում ամեն ինչ փոխվում է դեպի լավն ու դրականը: Ինձ համար միշտ հաճելի է հետաքրքիր առաջարկ ստանալն ու Հայաստան գալը»:
Ֆիլմի աշխատանքների վերջնական արդյունքի՝ մոնտաժի և դրա կարևորության մասին խոսեցինք մոնտաժի ռեժիսոր Մանվել Հովսեփյանի հետ.«Սա հայկական կինոարտադրության մեջ երկրորդ ժամանակակից կոմեդիան էր, որի վրա բավականին մեծ և պրոֆեսիոնալ թիմ է աշխատել, իսկ լավ արդյունք ստանալու համար կարևոր է թիմային աշխատանքը»:
Մանվել Հովսեփյանը նաև հավելեց, որ ճիշտ մոնտաժի համար կարևորում է ռեժիսորի հետ աշխատանքը.«Այս պարագայում բավականին հաճելի ու հեշտ էր աշխատել Դավիթ Բաբախանյանի հետ: Մենք առաջին անգամն էինք միասին աշխատում և կարողացանք մոնտաժային աշխատանքների ընթացքում մեկս մյուսից ինչ-որ բաներ սովորել, միմյանց խորհուրդներ տալ և արդյունքում ստացանք այն, ինչ ունենք: Իսկ այսօր մենք ունենք հետաքրքիր ֆիլմ, որը գրավել է հանդիսատեսի ուշադրությունը»:










