«Անսուրբ երրորդությունը» թույլ չի՞ տալիս բացել երևանյան հուշակոթողը

19:11 • 31.10.11

Մեթ Տերտերյանը Լիբանանում հրատարակվող «Ազդակ» օրաթերթում ««Արաբական Երախտիք» հայկական հուշարձանը և նորօսմանականության սպառնալիքը» վերտառությամբ հոդվածում ցավով նշում է, որ Երևանում կոթողի բացումը 5 անգամ հետաձգվել է։

«Կոթողի կառուցումն ավարտվել է 2009 թ. մարտին, բացումը հինգ անգամ հետաձգվել է, որոնցից վերջինը՝ հոկտեմբեր 5–ին, մինչդեռ կառավարությունը նախապես համաձայնել էր մեծ շուքով, օտարերկրյա դեսպանությունների ներկայացուցիչների ներկայությամբ, նախագահի և Գարեգին Բ–ի նախագահությամբ բացումը կատարել 2011թ. հոկտեմբերի 19-ի, ժամը 10:00-ին»,– գրում է հոդվածագիրը։

Հոդվածագիրն այնուհետև նշում է, որ հուշակոթող կառուցելու գաղափարը ճարտարագետ Վարուժան Սալաթյանի գլխում հղացել է՝ հաշվի առնելով երկու հանգամանք. հայ-արաբական պատմաքաղաքական ճակատագրակցությունը և հետեղեռնյան սփյուռքի տարագիր արևմտահայությանը Արաբական Արևելքի ճակատագրակից ժողովուրդների կողմից ցույց տրված օգնությունը։

«Վարուժան Սալաթյանը երկու տասնամյակ շարունակ պաշտպանեց իր այդ տեսլականը, և նրա կողքին կանգնեցին տարագիր արևմտահայության, այդ թվում Հայ բարեգործական ընդհանուր միության և Մերձավոր Արևելքի Հայ Ավետարանական համայնքի մեծավորները, որոնք միասնաբար կազմակերպեցին հուշակոթողի ֆինանսավորումն ապահովող հանգանակությունը, իսկ Երևանի քաղաքապետարանը, ողջունելի հեռատեսությամբ, որոշեց այս նպատակին հատկացնել մայրաքաղաքի հրապարակներից մեկը, և կոթողի կառուցումն ավարտվեց 2009թ. մարտին: Պաշտոնական բացումը նույն այդ թվականին պետք է տեղի ունենար, բայց հետաձգվեց.... կառավարության կողմից և արդեն 5–րդ անգամ …»,–նշում է հոդվածագիրը։

Տերտերյանն այնուհետև գրում է, որ հոկտեմբերի 5–ին, դարձյալ կառավարության կողմից որոշվեց ևս մեկ անգամ հետաձգել բացման արարողությունը.... «արդյոք Թուրքիայի, Իսրայելի և Միացյալ Նահանգների անսուրբ երրորդության ճնշումների պատճառով…»,– հարցնում է հոդվածագիրը։