Ռաբիս երգիչները ծնվում են ռաբիս հասարակությունից. ռոք մեներգիչ

03:23 • 01.11.11

«Ինչը որ էսօր շատ ա արտադրվում ու շատ ա վաճառվում, ուղիղ համեմատական ա մեր գնողունակ զանգվածին»,- «Կենտրոն» հեռուստատեսության «Ուրվագիծ» հաղորդմանը հյուրընկալվելով՝ նշեց «Էմփիրեյ» խմբի մեներգիչ Սարգիս Մանուկյանը։ «Ռաբիս երգիչները ծնվում են ռաբիս հասարակությունից. օդից չեն ընկնում էդ մարդիկ»,- նշեց նա։

Ինչպես երաժշտությունը, այնպես էլ խոսքը, ըստ նրա, այսօր շատ է հեռացել իրականությունից։ «Ինչ որ կարդացվում ա, լցվում ա մեր իրականության մեջ, չի նշանակում, որ դա ա իրականությունը»,- ասաց նա։

Մեներգիչը խոսեց երգիչների՝ իրենց համակիրների նկատմամբ հարգալից վերաբերմունքի անհրաժեշտության մասին։ «Եթե մենք պիտի լցնենք համալիր, ավելի լավ ա` չ-լ-ց-նենք, մեզ մոտ ուղղակի գան համերգի…»,- ասաց նա՝ համերգասրահ «լցվելը» համարելով վիրավորական արտահայտություն։

Սարգիս Մանուկյանը հիշեցրեց, որ օրերս հաշմանդամների՝ ազատ տեղաշարժին նվիրված երթ էր կազմակերպվել, որին, ցավոք, չէին մասնակցում հասարակական-մշակութային հայտնի դեմքերը՝ ըստ նրա, «որովհետև դրա մեջ քյար չկա»։ «Կա մի զանգված, որ եթե դրանից օգուտ չունի, ինքը ըտեղ չի լինի»,- նշեց նա։ Մինչդեռ «էդ հասարակությունն ա երգչին պահում ու դարձնում հայտնի։ Ինքը ոչ միայն պիտի «աչոտ» տա էն մարդուն, որ պարում ա իրա համերգին, այլև նրա՝ ով չի կարողանում իրա համերգին գա, որտև համալիրը հարմարեցված չի անվասայլակներին»,- ասաց նա։ 

Ամեն դեպքում, մեներգիչը վստահ է, որ մտածող մարդիկ մեր երկրում ավելի շատ են. «Իմ համար էդ մարդիկ ավելի շատ են, որովհետև ես իրանց հետ եմ շփվում»,- նշեց մեներգիչը։