Համազգային պետական թատրոնն անտուն է արդեն երկու տասնամյակ

00:37 • 01.11.11


Համազգային պետական թատրոնն արդեն երկու տասնամյակ անտուն է։ Այն վարձակալում է տարածք Կինոյի և թատրոնի պետական ինստիտուտի շենքում։ Թատերախումբը փորձել է տարբեր հասցեներ գտնել և առաջարկել պետությանը. Միշտ մերժվել են՝ տարածքների համար արդեն իսկ սեփականատերեր են եղել։ Իրենց առաջարկել են անձամբ բանակցել նրանց հետ։ Թեմային է անդրադարձել «Ար» հեռուստատեսության «Ազդարար» լրատվականը։

«Ոնց որ ուրիշի տանը հյուր լինես անվերջ. շատ լավ է, երբ քեզ լավ են հյուրընկալում, բայց ամեն դեպքում, մենք ուրիշի տանն ենք»,- ասել է դերասանուհի Տաթևիկ Կազարյանը։

«Վարձովը քոնը չի, որովհետև էդ պատերը, ինչ էլ դու անես, ինչ տեսակի աշխատանքներ էլ տանես, ինչ էլ ստեղծագործես, միևնույնն է, քոնը չի, մի օր դուրս ես գալու։ Ու դուրս ես գալու, հայտնվես ո՞ւր, փողոցո՞ւմ»,- նշել է դերասան Մխիթար Ավետիսյանը։

Թատրոնի հիմնադիր, վաստակավոր արտիստ Սոս Սարգսյանը հիշեցրել է, որ հայրենական պատերազմի ժամանակ՝ երկրի համար ամենածանր տարիներին է բացվել օպերետային թատրոնը։ «Այսինքն՝ սովետական իշխանությունը հասկանում էր վիթխարի դերը թատրոնի,- նշել է նա։- Մեր իշխանությունը թատրոնը, կինոն և, ընդհանրապես, մշակույթը չի դիտում՝ որպես իր ձեռքում իրենց համար աշխատող գործիք»։

Համազգային պետական թատրոնի տնօրեն, արվեստագիտության թեկնածու Վարդան Մկրտչյանը նշել է, որ թատրոնի ստեղծվելու օրը Սոս Սարգսյանը հայտարարել է, որ այսպես՝ թատերական գործով, սահմանին մղվող պայքարի մասնակից են դառնում նաև արվեստագետները։ Եվ իրականում էլ՝ թատրոնը բազմիցս մարտիկներին ոգեշնչելու համար գնացել է Արցախ, ելույթներ ունեցել սահմանապահների համար։ Մինչդեռ հիմա պետությունը հայտարարում է, թե համազգային թատրոնի համար ազատ տարածք չունի։

«Ջիգարխանյանը ազգությամբ հայ, Մոսկվայում ունի իր թատրոնը։ Մեր հայրենակիցը դրսում ունի իրենը։ Սոս Սարգսյանը այսօր՝ չունի»,- նշեց Վարդան Մկրտչյանը։

«Ես կարծում եմ, որ եթե ուզեն, կգտնեն օգնելու հնար։ Շատ եմ հիասթափվել… Ամեն րոպե կարող են մեզ էստեղից հանել։ Ինձ դեռ մի քիչ հարգում են, գուցե սպասեն, մինչև ես չլինեմ…»,- իր մտահոգությունն է հայտնել Սոս Սարգսյանը։