Մոդելին աշխատանքից ազատել են Կադաֆիներին համակրելու պատճառով (լուսանկարներ)

03:58 • 01.11.11

Գերմանական հեռահաղորդակցության ոլորտի հսկա Telefonica Germany կոնցեռնը մոդել Վանեսսա Հեսսլերի (Vanessa Hessler)  հետ կնքված պայմանագիրը խզել է ՝ պատճառաբանելով, որ նա մտերիմ էր Մուամար Կադաֆիի որդու՝ սպանված Մութասիմ Կադաֆիի հետ: Այս մասին հաղորդում է Korrespondent.net-ը:

Մոդելը հրապարակայնորեն Կադաֆիների ընտանիքի հանդեպ իր համակրանքն է արտահայտել: Նա իտալական Diva e Donna պարբերականին տված հարցազրույցում նշել է, որ 4 տարի հանդիպել է Մութասիմ Կադաֆիի հետ և հայտարարել է, որ Կադաֆիների ընտանիքը և եղբայրներն այնպիսին չեն, ինչպես ներկայացնում են միջազգային լրատվամիջոցները: «Նրանք բացարձակապես նորմալ մարդիկ են, և նրանց ղեկավարման ժամանակ լիբիացիք ոչ ավելի աղքատանում էին, ոչ էլ ավելի ծայրահեղական էին դառնում», - ասել է Վանեսսա Հեսսլերը:

Ահա այս հարցազրույցի պատճառով Telefonica Germany-ն սկզբնական շրջանում փորձում էր զգուշավոր հեռավորություն պահել մոդելի կարծիքից: Կոնցեռնի ներկայացուցիչ Ալբերտ Ֆետչը (Albert Fetsch) հոկտեմբերի 28-ին հայտարարել էր, որ դա միայն Վանեսսայի կարծիքն է, և ընկերությունն այն չի կիսում:

Միաժամանակ, ընկերությունը Վանեսսային խնդրել է մեկ այլ պաշտոնական հայտարարությամբ հանդես գալ, որով նա փաստացի կհերքեր իր խոսքերը, քանի որ նրա արտահայտած կարծիքը չի համընկնում Telefonica Germany ընկերության արժեհամակարգի հետ: Սակայն Հեսսլերի կողմից այլ հայտարարություններ չեն եղել, և իր հետ պայմանագիրը խզվել է:

Նշենք, որ Վանեսսա Հեսսլերը Telefonica Germany-ի կազմի մեջ մտնող Alice DSL պրովայդերական ընկերության դեմքն է: