Կբարձրանա դատավորների աշխատավարձը, չի բարձրանա՝ գրադարանավարներինը

01:43 • 02.11.11

Թերթելով 2012թ բյուջեի նախագիծը՝ «ԱՐ» հեռուստատեսության «Ազդարար»-ը նկատել է, որ նախատեսվում է բարձրացնել դատավորների և այլ՝ համեմատաբար բարձր աշխատավարձ ստացող պաշտոնյաների աշխատավարձը (թերևս, կոռուպցիան կրճատելու ակնկալիքով), իսկ մշակույթին հատկացվող գումարը կրճատվել է։ Նախատեսվում է նույնը թողնել գրադարանավարների՝ հարցումների համաձայն, 35 հազար դրամ աշխատավարձը։

Ավ.Իսահակյանի անվ. գրադարանի տնօրեն Հասմիկ Կարապետյանը նշել է, որ երկրի կյանքում վերջինն է դասվում մշակույթը, մշակույթի մեջ վերջինն է գրադարանի աշխատանքը։

Ներկայացնելով՝ նման աշխատավարձով, առկա գնաճի պայմաններում կենցաղային անթիվ խնդիրներին անդադար առերեսվելու ծանրությունը՝ գրադարանավարները թղթակցին ասել են, որ եթե բյուջեում իրենց վերաբերող տողը չփոխվի, չի բացառվում, որ սկսեն իրենց պահանջները ներկայացնել գործադուլի միջոցով։