Ինձ օգնել են երեք նախագահներն էլ, բայց դա չի նշանակում, որ ես իրենց քաղաքականության հետ համաձայն եմ. Ռուբեն Հախվերդյան

02:35 • 06.11.11

« «Նախագահական ընտրություններ» երգը ես գրել եմ դեռ առաջին իշխանության ժամանակ, և ընդեղ կոնկրետ մարդկանց մասին ա խոսքը, ով որ լսում ա, գիտի, նրանց անվայել կեցվածքը, անվայել ապրելակերպը, որ տեսել ենք նույնիսկ հեռուստատեսությամբ՝ «Իմ թիմը հաղթեց» և այլ արտահայտություններ. չի կարելի ժողովրդի հետ տենց խոսել, մատով խոսել»,- ասաց հայտնի հեղինակ - կատարող Ռուբեն Հախվերդյանը «հ2» հեռուստատեսության «Սիրված երգեր» հաղորդման հյուրասրահում։

«Բոլոր երեք կառավարության իշխանավորներն էլ ինձ որոշակի լավություններ արել են,- ասաց նա,- բայց դա դեռ չի նշանակում, թե ես համաձայն եմ իրանց վարած քաղաքականության հետ։ Մեկը մյուսի հետ խառնել չի կարելի»։

Ըստ նրա՝ «Նախագահական ընտրություններից» http://www.youtube.com/watch?v=2GBzpNiDthk անցել է շուրջ երկու տասնամյակ, սակայն այս ընթացքում ոչ թե վիճակը նույնն է մնացել, այլ ավելի է վատացել։

«Ասում են՝ դու ինչի ես քաղաքականությամբ զբաղվում։ Դա էլ ա գալիս մեր անգրագիտությունից,- նշեց երգիչը։- Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում։ Մենք գիտենք, թե ով ա զբաղվում քաղաքականությամբ և ցավոք սրտի, շատ լավ գիտենք, թե ովքեր են զբաղվում քաղաքականությամբ»։
 
Ռուբեն Հախվերդյանը մեր ազգային ձեռբերումը համարեց Սոնա Շահգելդյանին, ով «Նոր ալիք»-ում «բոլորի հերն անիծեց». «Ինձ շատ դուր եկավ իրա ռուսերեն չիմացությունը. http://www.youtube.com/watch?v=vv7KwDyPE-Y»,- նշեց Հախվերդյանը։ «Իսկ Սիրանուշը միակն ա, ով կարծեմ, մինչ օրս եղած մասնակիցներից լավագույն տեղը զբաղեցրեց Եվրատեսիլում,- հիշեցրեց նա՝ հավելելով, որ այդ մրցույթն էլ մի փողերի լվացման միջոց է։- Ինքը ունի բեմական կուլտուրա, երգը ներկայացնելու կուլտուրա, ու չարաճճի աղջկա մի բան կա մեջը, որ կարող ա 70 տարեկան էլ դառնա, բայց դա կմնա»։ 

Երգարվեստի վիճակը, ըստ նրա, ողբալի է. «Դառել ա, ոնց որ ոտերը սրբելու շոր. ամեն մի տխմար կարող ա խոսքեր գրի, ամեն դեբիլ երգ գրի, դե հիմա, որ տենց ա ամեն զիբիլ կարող ա ցույց տան հեռուստացույցով։ Եվ նույնիսկ... բարոյապես շատ հայտնի երգչուհիներ, բավականին հպարտ կեցվածքով ... բայց ժողովուրդը բոլորի կենսագրությունը շատ լավ գիտի»,- նշեց Ռուբեն Հախվերդյանը։

Նա պատմեց, որ մի քանի ամիսը մեկ, երկու շաբաթով խմող է դառնում՝ փակվում սենյակում, խմում, հարբում, «ու այդ ամենը ուղակցվում է շատ խորը դեպրեսիայով», բայց որոշված օրը թողնում է խմիչքն ու վերադառնում ակտիվ մարզական կյանքին։ «Ես սիրում եմ մոտենալ անդունդի եզրին ու ցած նայել. բայց երկար նայել չի կարելի»,- նշեց Հախվերդյանը։